Ինչպե՞ս խուսափել ընկճախտի մեջ ընկնելուց

Ինչպե՞ս խուսափել ընկճախտի մեջ ընկնելուց

Արդյո՞ք երջանկությունդ կախված է նրանից, որ կյանքումդ ամեն բան պետք է ճիշտ լինի: Եթե կարծում ես՝ չես կարող երջանիկ լինել, քանի դեռ կյանքիդ իրավիճակները ճիշտ չեն, ապա երբեք էլ երջանիկ չես լինի: Բոլորս էլ այնպիսի պահեր ենք վերապրում, երբ մեզ ընկճված ենք զգում տարբեր պատճառներով, բայց  չպետք է թույլ տանք, որ մեր իրավիճակները կառավարեն մեր զգացմունքները: Սատանան ճանապարհ է փնտրում` մեզ բացասական մտքերով ու զգացմունքներով լցնելու համար, որոնց հետևանքով մենք ընկճվում ենք: Նա՛ է մեզ ընկճողը, և դա փորձում է անել զգացմունքայնորեն, հոգևորապես, ֆինանսապես և ամեն հնարավոր ձևերով: Բայց Հիսուսը մեզ խրախուսողն է։ Նա եկավ՝ մեզ բարձրացնելու: Եկավ  արդարություն, խաղաղություն և ուրախություն տալու համար, և այս ամենն օգնում է մեզ` բարձրանալ:

Բոլորն էլ վերապրում են ձախողման և ընկճվածության ժամանակներ՝ չիրականացած հույսերի ու երազանքների պատճառով: Երբ որոշ բաներ չեն ընթանում մեր ծրագրի համեմատ, բնական է, որ հիասթափություն ենք զգում: Բայց  պետք է ուշադիր լինենք, թե ինչպես ենք վարվում այդ զգացումի հետ, որովհետև հիասթափությունն ընկճախտի առաջին փուլն է: Եթե երկար ժամանակ մնանք հիասթափության մեջ, այն կարող է վերածվել ընկճվածության, անհուսության, և ի վերջո՝ ընկճախտի: Սաղմոս 30.5-ում գրված է, որ լացը կարող է տևել ամբողջ գիշեր, բայց առավոտյան ուրախություն է գալիս: Որոշ բաներ կարող են ժամանակավորապես տխրեցնել մեզ, բայց մենք չպետք է մնանք դրա մեջ: Ինչպես չպետք է երկարատև մնանք զայրույթի մեջ, այնպես էլ՝ տխրության մեջ: Հակառակ դեպքում, սատանան, օգտվելով առիթից, կներխուժի մեր կյանք` բերելով ավելի լուրջ խնդիրներ:

Մի՛ վստահիր սեփական մտքերիդ և զգացմունքներիդ

Մեր առաջին թշնամին մեր զգացմունքներն են: Մենք հակված ենք առաջնորդվել  զգացմունքներով, բայց պետք է գիտակցենք, որ դրանք փոփոխական են։ Չպետք է հետևենք ամեն մի մտքի, որովհետև մեր զգացմունքներն ու մտքերը մեզ ճիշտ չեն թելադրում: Տարիներ շարունակ կանոնավոր կերպով վերապրել եմ ընկճախտ: Ամեն առավոտ ես արթնանում էի և միևնույն ձայնն էր իմ մտքում. «Ես ընկճված եմ»: Ես հավատում էի, որ դա իմ միտքն է, բայց չէի գիտակցում, որ դա սատանան էր, որ մտքիս միջոցով ինձ առաջարկություն էր անում: Ավելի ուշ, երբ Աստված ավելի մոտեցրեց ինձ Իրեն, և ես սկսեցի լրջորեն ուսումնասիրել Նրա Խոսքը, հասկացա, որ չպետք է հետևեմ ամեն մի մտքի կամ զգացմունքի: Սկսեցի բարձրաձայն հռչակել, որ այլևս ընկճված ու ճնշված չեմ լինելու: Ես սովորեցի հագնել գոհության այն հանդերձը, որի մասին խոսվում է Եսայի 61.3-ում: Միշտ չէ, որ փառաբանելու «հավես ենք ունենում», բայց հաղթական մարդը չպե՛տք է ապրի զգացմունքներով կառավարվելու «ճոխությամբ»:

Ես սովորել եմ, որ հիասթափված մնալը կարող է հանգեցնել ընկճվածության, որն ավելի խորը խնդիր է, քան հիասթափությունը: Սակայն սովորել եմ նաև, որ մարդը չի կարող միևնույն ժամանակ լինել հույսով լի և ընկճված: Հենց սատանան հարձակվում է մեզ վրա` բերելով հիասթափություն, և մենք սկսում ենք ընկճված զգալ, մենք կարիք ենք ունենում դառնալու դեպի Սուրբ Հոգին և թույլ տալու, որ մեզ լցնի հույսով: Կարճատև ընկճվածությունը ավերիչ հետևանքներ ունենալ չի կարող, բայց երկարատև ընկճվածությունը կարող է տանել դեպի ընկճախտ, որը բավականին լուրջ խնդիր է:

Հակառակվի՛ր սատանային և ցնծա՛ Տիրոջով

Ընկճախտը մասամբ սահմանվում է որպես դատարկ, տխուր, ցածր տեղում գտնվող վիճակ։ Ընկճախտի իրական պատճառը ոչ թե այն տեղն է, որտեղ գտնվում ենք, այլ՝ տվյալ վայրում գտնվելու հանդեպ մեր ունեցած վերաբերմունքը: Հնարավո՛ր է ապրել սեփական զգացմունքներիցդ այն կողմ: Զգացմունքներ միշտ ենք ունենալու, բայց մենք կարող ենք դրանց ենթարկեցնել մեր որոշումներին: Ահա թե ինչու է Աստված մեզ ինքնակառավարման պտուղ տվել: Հակոբոսի 4.7-ում գրված է, որ հակառակվենք սատանային։ Նույնպես մենք պետք է հակառակվենք ընկճախտին և դրա պես  ցանկացած այլ բանի, քանի որ այդ ամենը սատանայից է: Փիլիպեցիների 4.4-ում գրված է. «Ուրախացե՛ք Տիրոջով ամեն ժամանակ, կրկին ասո՛ւմ եմ ձեզ` ուրախացե՛ք»: Եթե մենք լցված լինենք ճիշտ բաներով, ապա սխալ բաներին տեղ չի մնա:

Եթե թույլ չտաս, որ սատանան տպավորի քեզ իր արարքներով, ապա նա չի կարող ճնշել քեզ, իսկ եթե չկարողանա ճնշել, չի էլ կարողանա ընկճել: Ուստի ընտրիր՝ հետևել Սուրբ Հոգուն, և կունենաս հաղթանակ ընկճախտի դեմ: Մենք կարող ենք  պահպանել հուսալի վերաբերմունք՝ նորոգելով մեր միտքն Աստծո Խոսքում տրված խոստումներով: Կարող ենք, որպես սեփականություն, պահանջել այդ խոստումները և հավատալ, որ Աստված օգնում է հաղթահարել մեր զգացմունքները և առաջ ընթանալ: Մենք չենք կարող կառավարել մեր բոլոր իրավիճակները, բայց չպետք է թույլ տանք, որ այսօրվա պատահածը փչացնի վաղվա օրը: Իրականում մենք կարող ենք շրջադարձ ունենալ՝ որոշելով բաց թողնել այն իրավիճակները, որոնք հիասթափություն և ընկճվածություն են բերել մեր կյանք, և քայլել դեպի այն ապագան, որ Աստված ծրագրել է մեզ համար:

Շատ մարդիկ ընկճվում են, որովհետև չեն կարողանում առերեսվել իրականությանը, բայց Սուրբ Հոգին եկել է, որպեսզի հայտնի մեզ ճշմարտությունը: Մենք չենք կարող հաղթահարել ընկճախտը, մինչև չդադարենք պատճառաբանություններ փնտրելուց և ուրիշներին մեղադրելուց: Մենք պե՛տք է առերեսվենք ճշմարտությանը և պատասխանատվություն կրենք մեր քայլերի համար: Երբ այդպես վարվենք և խնդրենք Աստծո օգնությունը, ծանրության ոգին մեզ կլքի, և մենք ազատ կլինենք։  Մատթեոսի 11.30-ում Հիսուսն ասում է. «Իմ բեռը թեթև է և հեշտ է կրել»: Իրավիճակների համար ընկճվելը ժամանակի կատարյալ կորուստ է, այն գողանում է մեր  ուրախությունը: Ուստի, պետք է տեղ չտանք մեր զգացմունքներին, մտքին, մարմնին և թույլ չտանք, որ անցյալի վերապրումները կառավարեն մեզ, այլ հնարավորություն տանք Աստծուն՝ տալ մեզ թարմ ծրագիր, նոր գաղափար և նպատակ: Դու կարող ես հաղթանակ տանել զգացմունքներիդ դեմ՝ թույլ տալով Սուրբ Հոգուն կառավարել, ուղղորդել ու տնօրինել քայլերդ, որովհետև Նա եկավ որպես մեր Մխիթարիչ, Խորհրդատու, Օգնական, Բարեխոս, Փաստաբան, Զորացնող և Հենարան՝ մնալու մեզ հետ հավիտյան (տե՛ս Հովհ. 14.16): Գոհություն Աստծուն, որ մենք ստիպված չենք` լինել հիասթափված, ընկճված, վհատված, ճնշված և հուսալքված: Հիսուսը ոչ միայն ճանապարհն է, այլ նաև ելքը: Նա մեր Բժիշկն է, մեր Փառքը և մեր գլուխը Բարձրացնողը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon