Բարկության դեմն առնելու Աստծո եղանակը

Բարկության դեմն առնելու Աստծո եղանակը

Բոլորս էլ երբեմն բախվում ենք այս խնդրին: Ո՞րն է զայրույթի դեմն առնելու լավագույն միջոցը: Խնդիրը հասկանալու համար պետք է հասկանանք, թե ինչ է զայրույթը: Այն հաճախ բնութագրվում է որպես մեծ դժգոհության, վրդովմունքի, թշնամության, ցասումի ու վրեժխնդրության զգացում: Շատ անգամ, զայրույթի պահին գործողության դիմելով, մեր դժգոհությունն ենք արտահայտում կյանքի դեմ: Հունարենում զայրույթը ձևակերպվում է որպես ամենաուժեղ կիրք: Այն  հաճախ արտահայտվում է բառերով կամ գործողությամբ: Մենք զգում ենք մի բան, որն ստիպում է մեզ արձագանքել այս կամ այլ կերպ:

Գտե՛ք խնդրի արմատը

Զայրույթը նեխած արմատների հետևանք է: Սկզբնական արմատները սերում են ընտանիքից: Բարկացկոտ մարդիկ գալիս են բարկացկոտ ընտանիքներից, քանի որ սովորում են իրենց ընտանիքի օրինակից և շարունակում կիրառել նույն վերաբերմունքն իրենց կյանքում՝ ի վերջո փոխանցելով այն հաջորդ սերունդներին:

Զայրույթի մյուս արմատները

Անարդարություն — Երբ մարդիկ վատ են վարվում մեզ հետ, և ոչինչ չենք կարողանում անել դրա դեմ, մենք սկսում ենք բարկանալ, որովհետև կարծում ենք, որ մեզ հետ անարդար են վարվել: Որքան էլ փորձենք փոխել իրավիճակը կամ այն անձնավորությանը, ով վատ է վարվել մեզ հետ՝ չենք կարող: Մարդիկ հենց այնպես չեն փոխվում, միայն Աստված է ի զորու փոխել նրանց: Ուստի, մենք կարող ենք աղոթել մեզ նեղացնողների համար:

Հակամարտություն — Սա թաքնված զայրույթ է, որն սկսվում է քննադատությամբ, բամբասանքով, որոշակի հերքումներով և սեփական անձը վեր դասելով: Այն հաճախ դրսևորվում է վիճաբանության, բախումների, թեժ անհամաձայնությունների և բարկացկոտ վեճերի միջոցով:

Անհամբերություն — Սա նույնպես հաճախ զայրույթ է ծնում, երբ մեր ցանկացածը մեր ուզած ժամանակին չենք ստանում: Երբ մեր առաջընթացը դանդաղում կամ արգելակվում է ուրիշների պատճառով, հեշտությամբ անհամբեր ենք դառնում: Մեզնից շատերն ամեն օր պայքար են մղում անհամբերության դեմ ներկայիս արագընթաց կյանքի պատճառով:

Տարատեսակ չարաշահումներ — Այստեղ ներառված են սեռական, ֆիզիկական, լեզվական, զգացմունքային կամ մտավոր չարաշահումները, որոնք գրեթե միշտ տանում են դեպի զայրույթ: Այս բոլորն անարդար վերաբերմունք է, որն ի վերջո շահագործված մարդուն հասցնում է անօգնական և ցասկոտ վիճակի: Ոչ մի տեսակի չարաշահում չի կարելի անտեսել: Մենք պետք է պայքարենք դրա դեմ, անցնենք այդ գործընթացով, որպեսզի կարողանանք ձերբազատվել:

Չպատասխանված կարիքներ — Սա ևս կարող է զայրույթի պատճառ դառնալ: Բոլորս էլ ունենք այնպիսի կարիքներ, որոնք կարող ենք լուծել մտերիմների օգնությամբ: Բայց մինչև չբարձրաձայնենք այդ մասին, նրանք չեն կարող իմանալ դա: Այդուհանդերձ, նույնիսկ նման դեպքերում, երբեմն հնարավոր է՝ օգնության ձեռք չմեկնեն մեզ: Այդ պատճառով ավելի լավ է, մեր կարիքները ներկայացնենք Տիրոջը, ոչ թե մարդկանց:

Նախանձ — Նախանձի հետևանքով զայրույթն առաջին բացասական հույզերից մեկն է, որի մասին խոսում է Աստվածաշունչը: Ծննդոց 4-րդ գլխում Կայենը Աբելին սպանում է, որովհետև նախանձը նրա մեջ հասել էր ցասման: Չնայած սա նախանձի ծայրահեղ դրսևորումներից է, այնուամենայնիվ մեզ հիշեցնում է, թե որքան վտանգավոր կարող է լինել այն:

Այսօրվա հասարակության մեջ շատ մարդիկ կարծում են, որ իրենց կարգավիճակը կախված է եկեղեցում իրենց ունեցած աշխատանքից կամ դիրքից: Այս պատճառով նրանք վախենում են, որ գուցե որևէ մեկն իրենցից առաջ անցնի: Նախանձի պատճառով նրանք փորձում են մարդկանց աչքերում կարևոր երևալ: Եթե ունես այս խնդիրը, ապա հասկացիր՝ այնտեղ, որտեղ գտնվում ես, նպատակային է: Աստված գիտի, թե ինչ է սպասվում քեզ ապագայում, դրա համար էլ հնարավոր է, որ դու գտնվում ես այդտեղ, որպեսզի մարզվես ապագայիդ համար: Մի բան է` ի զորու լինել կատարել առանձնահատուկ մի հանձնարարական, մեկ այլ բան է՝ դրան պատրաստ լինելը: Հիշի՛ր, որ Տիրոջը պետք է պատասխան տանք: Մենք պարգևներն ստանում ենք, երբ հնազանդվում ենք այն առանձնահատուկ կանչերին, որոնք Տերը դրել է մեր կյանքում:

Զայրույթի արմատ կարող են հանդիսանալ նաև հակառակությունների վախը, անապահովությունը և այնպիսի զգացողություններ, որոնք կառավարվում են այլ մարդկանց կամ սեփական աշխատանքի կողմից: Ես բարկությունից փրփրում էի  մարդկանց վրա, ովքեր կառավարում էին ինձ, մինչև այն օրը, երբ Տերն ասաց. «Դու նույնքան մեղավոր ես, որքան նրանք, քանի դեռ թույլ ես տալիս, որ քեզ կառավարեն»: Մենք չպե՛տք է ինքներս մեզ վրա անտանելի ծանրություն դնենք՝ չափից շատ նվիրվելով ամենքին զուտ այն պատճառով, որ չենք կամենում «ՈՉ» ասել:

Բարկության դիմակները

Երբեմն դիմակներ ենք կրում, որպեսզի ոչ ոք չտեսնի այն, ինչ կամենում ենք թաքցնել: Երբ զայրացած ենք, կարծում ենք՝ այն թաքցնելով, կարող ենք թաքցնել նաև մեր իրական ես-ը: Ուստի թաքնվում ենք մի շարք դիմակների ետևում, որպեսզի մարդկանց ցույց տանք այն, ինչ իրականում չենք:  Ես եկել եմ այն համոզմունքին, որ մարդիկ քեզ ավելի շատ են հարգում, երբ կիսվում ես նրանց հետ քո իրական ես-ով, քան, երբ թաքցնում ես նրանցից այն: Ի վերջո, մարդիկ կարող են տեսնել, որ ինչ-որ բան այն չէ: Դու կարծում ես`թաքցնում ես զայրույթդ, բայց այն մի ելք կգտնի քեզնից դուրս գալու՝ լինի ձայնիդ տոնայնությունը, ժեստերդ, թե վերաբերմունքդ: Որոշ մարդիկ կրում են սառնության դիմակ: Երբ իրենց բարկացնում են, կարող են ցույց տալ, թե մոռացել են, ներել, բայց հետո դառնում են սառը՝ չցուցաբերելով ոչ մի ջերմություն կամ զգացմունք` վերջիններիս հետ առնչվելիս: Նման մարդիկ ներքուստ միայնակ են: Վնասվելու վախի պատճառով նրանք հեռու են մնում մտերիմ ու նշանակալից փոխհարաբերություններից: Սա քո «ցավն ընտրելու» դասական օրինակն է: Այսպիսի մարդիկ նախընտրում են մնալ միայնության ու ցավի մեջ, մեկուսացած, փոխարենը` վեր կենան, լուծեն խնդիրը և նոր ծանոթություն հաստատեն: Ոմանք էլ սիրում են կրել լռակյաց վերաբերմունքի դիմակը: Նրանք ասում են, թե բարկացած չեն քեզ վրա, սակայն հրաժարվում են խոսել քեզ հետ կամ էլ շփվում են հույժ կարևորության դեպքում՝ մռայլ կամ նոթերը կիտած տեսքով: Երբ մարդ խուսափում է առնչվել այն մարդու հետ, ում վրա բարկացած է, ապա իրականում նա դիմակ է կրում, որը խնդրի լուծում չէ:

Դեմ առ դե՛մ նայիր ճշմարտությանը և ընտրի՛ր քո ցավը

Եթե ուզում ես ստանալ այն մեծ բաները, որոնք Աստված ունի քեզ համար, ապա պիտի հասնես սեփական զայրույթիդ արմատներին և դադարեցնես դրանք: Ազատվի՛ր դիմակներից և դիմակայի՛ր կյանքիդ այն իրավիճակներին, որոնք դարձրել են քեզ այն, ինչ այսօր կաս:  Ընդունի՛ր, որ ինքնուրույն չես կարող փոխվել: Քանի դեռ խնդիրն արմատախիլ չի արվել՝ մեկը մյուսի ետևից չար պտուղ կծնի: Շատ հաճախ  մեր կյանքն անցկացնում ենք սեփական պահվածքի չար պտուղների դեմ մաքառելով, բայց երբեք չենք խորանում այնքան, որ հասնենք խնդրի արմատին: Իրականում, երբ առերեսվում ենք զայրույթին, մենք պետք է ընտրենք մեր ցավը: Արմատին հասնելու համար հարկավոր է խորը փորել: Այն ցավոտ է, բայց միակ ճանապարհն է՝ սույն խնդրից մեկընդմիշտ ձերբազատվելու համար: Մենք կարող ենք ճիշտն անելով՝ տառապել դրական կերպով, կամ էլ կարող ենք տառապել՝ հետևելով սատանայի ծրագրին: Բայց հիշի՛ր, որ այդ նույն սատանան, որը ստիպում է քեզ շարժվել մարդկային զգացմունքներով, ավելի ուշ կդատապարտի քեզ դրա համար: Ի՛նքդ պետք է որոշես` արդյոք կամենո՞ւմ ես կրել այն ցավը, որը կտանի քեզ փառքի նոր իրականություն, թե՞ նախընտրում ես մնալ միևնույն ցավի մեջ, որը փչացնում է քեզ ներսից:

Պետրոսը հորդորում է մեզ՝ լինել հավասարակշռված ու զուսպ (տե՛ս Ա Պետր. 5.8,9): Երբ զայրացած ես` լավագույն ժամանակն է ինքնակառավարման պտուղը գործի դնելու: Հնարավոր է՝ դու հիմնարար պատճառ ունես բարկանալու, բայց այն որպես արդարացում մի՛ դիտարկիր բարկանալու համար: Փոխարենը` Աստծուց խնդրիր, որ օգնի քեզ՝ դրական լուծում տալ հարցին: Հռոմեացիների 12.21-ը մեզ լավ խորհուրդ է տալիս. «Թույլ մի՛ տուր, որ չարը տիրի քեզ, այլ դո՛ւ հաղթիր կամ իշխի՛ր չարին՝ գործելով բարին»: Երբ սատանան հարձակվում է քեզ վրա, բարկանալու փոխարեն օրհնի՛ր ինչ որ մեկին: Քո դրական արձագանքը ճիշտ հակառակն է այն բանի, ինչ սատանան կամենում է, որ անես: Սրանով դու խափանում ես քեզ տխրեցնելու սատանայի ծրագիրը: Իհարկե, սա բնական ձևով չի պատահում, և միշտ չէ, որ հեշտ է, բայց երբ անենք այն, ինչ կարող ենք, Աստված էլ կանի այն, ինչ չենք կարող: Մի՛ շտապիր հոգովդ բարկանալու, որովհետև բարկությունը հիմարների ծոցում է հանգչում (տե՛ս Ժողով. 7.9): Եթե կառչած մնանք բարկությունից, պարզապես հիմարություն արած կլինենք: Մենք պետք է Աստծուն հանձնենք մեր զայրույթն ու դրա պատճառ հանդիսացող մարդկանց՝ թույլ տալով, որ Տերը հոգ տանի…«Վրեժխնդրությունն Իմն է, Ես կփոխհատուցեմ, -ասում է Տերը» (Հռոմ. 12.19): Վստահի՛ր Տիրոջը, և Նա հոգ կտանի քո մասին ու կպաշտպանի քեզ: Դու չես կարող փոխել անցյալդ, բայց եթե հանձնես այն Տիրոջը, Նա կօգտագործի այն որպես բարու գործակից, քո ապագայի համար:

Անկախ պատճառից՝ բարկությունը մեր կյանքում ունի վատ հետևանք: Այն տխրեցնում է մեզ և ճնշում: Զայրույթը ներսում կողպելն ու ձևացնելը` թե ոչինչ չի եղել, կարող է վտանգավոր լինել նույնիսկ մեր առողջության համար: Շատ անգամ ինքներս մեզ ենք ցավ պատճառում, իսկ մեզ զայրացրած մարդը նույնիսկ տեղյակ էլ չէ այդ մասին: Ուստի, մեր զայրույթի համար ինքներս ենք պատասխանատվություն կրում և պետք է սովորենք կանխել այն: Անցիր այդ գործընթացի միջով, որպեսզի ազատվես դրանից: Իմ կյանքում շատ դժվարություն եմ ունեցել, որի պատճառով  տարիներ շարունակ խղճուկ վիճակում եմ եղել: Բոլորի վրա բարկանում էի, բայց մի օր Աստված կանգնեց իմ առջև ու ասաց. « Ջո՛յս, կամենում ես, որ այն քեզ դառնացնի՞, թե՞ ավելի լավը դարձնի»: Դրանից հետո ես վերջապես սկսեցի դրական ճանապարհներ փնտրել` զայրույթիս դեմ պայքարելու համար. այն նոր սկիզբ էր ինձ համար: Երբ դիմակայում ես զայրույթիդ ու որոշում ես Աստծո օգնությամբ կանխել այն, ապա անպայման կհաղթես: Սուրբ Հոգին մեզ զորություն է տալիս՝ մնալու կայուն և քայլելու Հոգու պտուղների մեջ: Մենք զորություն ունենք սիրելու մերժվածին և ներելու նրանց, ովքեր անարդար են եղել մեր հանդեպ:

Քայլի՛ր դեպի ազատությունը

Մարդիկ ծնվել են, որ ազատ լինեն: Դա նվեր է Աստծուց: Մենք չպետք է ազատ լինենք պատասխանատվություն կրելուց, այլ պիտի ազատ լինենք` թույլ տալով Սուրբ Հոգուն, որ առաջնորդի մեզ: Ամեն անգամ, երբ գողանում են մեր ազատությունը, մենք զայրանում ենք: Պատրա՞ստ ես անցնել որոշ բաների միջով, որպեսզի ազատ լինես, թե՞ կամենում ես մինչև կյանքիդ վերջը մնալ այդ խառնաշփոթի մեջ: Եթե կամենում ես ազատ լինել, քայլ առ քայլ արա այն, ինչ Տերն է կամենում, և ի վերջո դուրս կգաս քո խառնաշփոթից: Երբ պայքարում ենք զայրույթի դեմ, պետք է գիտակցենք, որ այն մարմնի և արյան դեմ չէ, այլ` սկզբունքների, զորությունների, այս աշխարհում խավարի իշխանների, բարձրերում հոգևոր չարության դեմ (տե՛ս Եփես. 6.12): Երբ սատանան բարկացնում է քեզ, հիշի՛ր, որ նա կամենում է ետ պահել քեզ Տիրոջ կամքը կատարելուց:

Տիմոթեոսի երկրորդ թղթի 4.5-ում Պողոսը Տիմոթեոսին հորդորում է, որ հանգիստ լինի, զգոն և զուսպ, ու շարունակի անել իր ծառայության պարտականությունները: Դա բարի խորհուրդ է ամենքիս համար: Երբ բարկանում ենք, պետք է հանգստանանք ու սկսենք անել այն, ինչի համար Տերը կանչել է մեզ: Զայրույթդ փոխարինի՛ր դրականով և թույլ մի տուր, որ այն կործանի կյանքդ: Հաղթի՛ր չարիքն ու զայրույթը՝ աղոթելով այն մարդկանց համար, ովքեր բարկացրել են քեզ կամ շահագործել: Ների՛ր նրանց ու դարձի՛ր օրհնություն նրանց համար: Սկզբում հեշտ չի լինի, բայց երբ որոշում կայացնես ու ամուր կանգնես որոշմանդ վրա, մնացածի մասին Տերը կհոգա:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon