
Դու Աստծո գլուխգործոցն ես (տե՛ս Եփես. 2.10)
Ըստ բառարանի՝ գլուխգործոցն արվեստի մեծագույն գործ է, հմտության կատարյալ օրինակ կամ գերազանցություն:
Հիմա, երբ Աստծո Խոսքը քեզ նկարագրում է որպես Աստծո գլուխգործոց, ի՞նչ ես մտածում այդ մասին: Դու ընդունո՞ւմ ես դա որպես Իր գնահատականը, թե՞ կարծում ես՝ «դե, Աստված երևի մեկ այլ մարդու մասին է խոսում, քանի որ եթե իսկապես ճանաչեր ինձ, այդպիսի կարծիք չէր ունենա իմ մասին»:
Քո անձնական ինքնությունը, այսինքն այն, թե ինչպիսին ես ինքդ քեզ տեսնում, հաճախ կերտվում է կյանքիդ վերապրումներով: Գուցե մանկությանդ տարիներին ծնողներդ քեզ հետ այնպես են վարվել, որ այժմ կասկածի տակ ես դնում քո ինքնարժեքը: Գուցե քեզ մերժել կամ շահագործել են: Եթե այդպես է, ապա կարող եմ հասկանալ քեզ, որովհետև վաղ տարիքից անցել եմ ամեն տեսակի մերժման ու շահագործման միջով: Ինձ ենթարկել են սեռական, խոսքային, զգացմունքային ու ֆիզիկական շահագործման՝ մանուկ հասակից մինչև 18 տարին լրանալը: Այնուհետև ես այդ վերքերով մուտք գործեցի իմ առաջին ամուսնական կյանք, որտեղ ամուսինս ինձ կրկին վատ էր վերաբերվում, իսկ վերջում լքեց ինձ:
Նույնիսկ այն ժամանակ, երբ ես հանդիպեցի ու ամուսնացա Դեյվ Մեյերի հետ, ով հիանալի ու սիրող ամուսին է, ես չգիտեի ինչպես սեր տալ կամ ստանալ: Ես կառավարող էի, օգտագործող, բարկացկոտ, քննադատող, բացասական, անտանելի ու դատապարտող: Ես դարձել էի այն, ինչի ազդեցությամբ մեծացել էի: Իմ խնդիրներն իմ ներսում էին: Դրանք տարիների շահագործման, սխալ մտածելակերպի և վիրավորված զգացմունքների հետևանք էին:
Միայն Քրիստոսի մեջ
Այդ տարիներին արդեն վերստին ծնված քրիստոնյա էի: Ես սիրում էի Հիսուսին: Հավատում էի, որ մեղքերս ներված են, ու մահից հետո դրախտ եմ գնալու: Բայց ես չունեի հաղթանակ, խաղաղություն և ուրախություն իմ կյանքում: Ամբողջ ժամանակ ես ինձ դատապարտված էի զգում: Ինքս ինձ չէի ատում միայն այն ժամանակ, երբ որևէ անձնական նպատակի վրա էի աշխատում՝ ինքս ինձ որոշակի գնահատական տալով: Ես հոգնատանջ էի, ձախողված ու խղճալի:
Ես ողբերգական սխալ էի գործել՝ փորձելով Աստծո արքայությունը՝ արդարություն, խաղաղություն և ուրախություն (տե՛ս Հռոմ. 14.17), փնտրել մարդկանց կամ այլ բաների մեջ: Ես չէի գիտակցում, որ Աստծո արքայությունը մեր ներսում է, ինչպես գրում է Պողոս առաքյալը Կողոսացիների 1.27-ում, որ իր ուրախությունը՝ իր ինքնությունը, միայն Քրիստոսի մեջ է:
Աստծո Խոսքում գրված է. «Այդ պատճառով էլ նա, ով Քրիստոսում է, նոր արարած է. հներն անցան, ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթացիների 5.17): Բայց ես դեռ չէի կառչել այդ «նոր արարած» կոչված իրականությունից: Ես ապրում էի սեփական մտքով, կամքով ու զգացմունքներով, որոնք վիրավոր էին: Հիսուսն ուներ իմ կատարյալ ազատագրման գինը, բայց ես գաղափար չունեի` ինչպես ստանալ Նրա շնորհաշատ պարգևը:
Լուսավոր լամպի պահը
Մի օր, երբ կարդում էի Աստվածաշունչը, նկատեցի Բ Կորնթացիների 5.7-ում գրվածը. «Մենք ապրում ենք հավատքով [ապրում ենք մեր կյանքը և կառավարում ենք ինքներս մեզ՝ հիմնվելով Աստծո և աստվածայինի հանդեպ ունեցած մեր հավատքի վրա, վստահությամբ ու սուրբ խանդավառությամբ, ահա այդպես ենք քայլում], ոչ թե երևույթով կամ տեսանելիով (Ընդլայնված Աստվածաշունչ): Սուրբ Հոգին ընդհատեց ինձ ու հարցրեց. «Ի՞նչ ես մտածում Աստծո հետ ունեցած քո հարաբերություների մասին, Ջո՛յս: Հավատու՞մ ես, որ Նա քեզ սիրում է»: Երբ սկսեցի անկեղծ քննել սիրտս և Աստվածաշունչն ուսումնասիրել այս թեմայի շուրջ, եզրակացրի, որ Նա իրոք սիրում է ինձ, բայց որոշակի պայմանականություններով:
Բայց Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված մեզ առանց որևէ պայմանականության է սիրում: Նրա կատարյալ սերը հիմնված չէ մեր կատարելության կամ մեկ այլ բանի վրա, այլ միայն` Իր (տե՛ս Ա Հովհ. 4.8): Նա միշտ սիրում է մեզ, բայց մենք հաճախ չենք ստանում Նրա սերը, որովհետև այն կապում ենք մեր սխալ վերաբերմունքի կամ մեղավորության հետ: Պետք է գիտություն ունենանք Աստծո սիրո մասին ու հավատք ներդնենք դրա մեջ: Բայց քանի որ ես չգիտեի Աստծո սիրո մասին, ուստի հավատք չէի դնում իմ հանդեպ տածած Նրա սիրո մեջ: Ինչպիսի՜ ճեղքում: Դա իմ զգացմունքների բժշկության սկիզբն էր: Դա գործընթաց էր, բայց այսօր ազնվորեն կարող եմ ասել, որ բժշկված ու բավարարված եմ: Իմ սրտում ես գիտեմ, որ Աստված սիրում է ինձ, և ես ի՛նքս էլ սիրում եմ ինձ:
Լցրե՛ք ձեր միտքն Աստծո Խոսքի ճշմարտությամբ: Այն լի է Նրա՝ պայմանականություններ չճանաչող սիրո մասին հիշեցումներով: Նա ասում է, որ դու ահավոր ու զարմանալի կերպով ես ստեղծվել (տե՛ս Սաղմ. 139.14): Նա ասում է, որ քեզ ոչինչ չի կարող բաժանել Նրա սիրուց (տե՛ս Հռոմ. 8.35): Թույլ մի՛ տուր, որ թշնամին գողանա քո ինքնությունը: Դու Աստծո գլուխգործոցն ես: Հավատա՛ դրան: