Ինչպե՞ս ազատվել գայթակղությունից

Ինչպե՞ս ազատվել գայթակղությունից

Գայթակղություը կամ դրան տեղի տալը հենց սկզբից եղել ու մնում է ամենալուրջ խնդիրներից մեկը: Ուզես թե չուզես՝ հանդիպելու ես դրան: Շատերը գուցե չհասկանան գայթակղությունն ու դրա նպատակը: Ղուկասի 17.1-ում Հիսուսն ասում է. «Գայթակղություններ (մեղքով հրապուրվելու որոգայթներ, թակարդներ) հաստատ կգան…»:

Ինչու՞ պետք է պայքարենք գայթակղության դեմ

Այն զորացնում է մեր հավատքն ու հոգևոր մկանները: Եթե մենք ստիպված չլինեինք հակառակվել գայթակղությանը, երբեք չէինք իմանա սեփական հոգևոր զորության մասին: Գայթակղությանն առերեսվելը կարող է երևան հանել կա՛մ մեր վատագույն կողմը, կա՛մ՝ լավագույն: Երբեմն Աստված թույլ է տալիս փորձվել, որովհետև մեզ պատրաստում է առաջխաղացման համար: Գայթակղության դեմ կանգնելը բարձրացնում է մեր վստահությունը` թշնամու ստերը ճանաչելու և դրանց հակառակվելու համար:

Գայթակղության տարբեր դիմակները

Գայթակղությունը գալիս է տարատեսակ ձևերով: Շատ հաճախ մենք մտածում ենք, որ գայթակղությունը`մեծ մեղքեր գործելն է` գողություն, սպանություն կամ շնություն: Բայց շատ հաճախ մենք գայթակղվում ենք, երբ դառնում ենք անհամբեր, ժլատ, նախանձ, ագահ և այլն, որոնք ըստ մեզ՝ փոքր մեղքեր են: Սատանան հարվածում է մեր թույլ տեղերին:

Հոգևոր ուժ զարգացնելու համար մենք պետք է անցնենք գայթակղության ամենատարբեր փորձությունների միջով՝ փոքրից մինչև մեծ: Ղուկասի 4-րդ գլխում տեսնում ենք, որ սատանան փորձում է նույնիսկ Հիսուսին գայթակղել՝ հուսալով Նրա մեջ գտնել թույլ կողմ, որպեսզի հարձակվի: Հիսուսն ուժեղ էր ու հաղթեց թշնամուն: Ես վստահ եմ, որ Աստված արդեն գիտեր, որ Հիսուսն անցնելու է փորձությունը, և հավատա՛, որ Նա վստահ է, որ մենք էլ կանցնենք մե՛ր փորձությունը:

Մի քայլ առա՛ջ անցիր սատանայից

Ես հավատացած եմ, որ գայթակղությունը հասկանալն ու դրան ագրեսիվորեն հակառակվելը միակ միջոցն է` սատանայից մի քայլ առաջ անցնելու համար: Հակոբոսի 1.12-ում գրված է. «Երանի՜ այն մարդուն, ով համբերում է գայթակղությանը, որովհետև` երբ փորձվի և ընտիր գտնվի, կստանա կյանքի պսակը…»: Դիմանալ կամ համբերել գայթակղությանը` նշանակում է անցնել գայթակղության միջով՝ առանց թույլ տալու, որ այն փոխի ձեր վերաբերմունքը կամ նվիրումը: Հիսուսը երբեք չէր փոխում Իր վերաբերմունքը մարդկանց հանդեպ, երբ  փորձում էին գայթակղել: Երբ ունենում ենք քրիստոնեական հասունություն, ի զորու ենք լինում հետևել Նրա օրինակին:

Հիսուսը ճշգրիտ հասկանում է, թե ինչ ենք մենք զգում գայթակղության հանդիպելիս: «Որովհետև ոչ թե այնպիսի Քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարությունների մեջ կարեկից լինել մեզ, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեր պես, բայց առանց մեղքի» (Եբրայեցիների 4.15, Ընդլայնված Աստվածաշունչ):

 

Երբեմն Հիսուսը թույլ է տալիս, որ հանդիպենք գայթակղությունների, որպեսզի երևան հանի մեր կյանքի թույլ կողմերը և օգնի հաղթահարել դրանք: Նա գիտի, թե որքան կարևոր է մեզ համար` իմանալ ճշմարտությունն ինքներս մեր մասին: Նույնիսկ եթե ցավոտ լինի հայտնաբերել, որ հակում ունենք նախանձի, ագահության կամ հպարտության հանդեպ: Հենց այդ ճշմարտության գիտակցումն է, որ մեզ ազատ կարձակի, եթե հակառակվենք դրանց: Որպեսզի ունենաս այն ամենը, ինչ Հիսուսն է կամենում, դու պետք է դառնաս այն, ինչ Նա՛ է ուզում: Իսկ այդ հասունությունը տեղի է ունենում փուլ առ փուլ:

Ուստի, վճռորոշ հակառակվե՛ք թշնամուն և իշխե՛ք նրան: Վստահե՛ք ու հնազանդվե՛ք Տիրոջը և ուրախացե՛ք Սաղմոս 94.12,13-ի խոստումներով (Ընդլայնված Աստվածաշունչ). «Երանի՜ այն մարդուն, ում դու խրատում ես, ո՛վ Աստված, ու Քո օրենքը սովորեցնում ես նրան, որ հանգստացնես չարության օրերից, մինչև որ հոր փորվի ամբարշտի համար»: Քրիստոսի միջոցով դու կարող ես հաստատուն մնալ գայթակղության փոթորկի մեջ:

Մի՛ անտեսիր ազդանշանները

«Որովհետև Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին` բան չմտածել նրանից ավելի, քան թե արժան է մտածել, այլ մտածել՝ պարկեշտ կենալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատքի չափ բաժանեց» (Հռոմեացիների 12.3, Ընդլայնված Աստվածաշունչ): Աստված բազում օծված քարոզիչներ է ուղարկել, որպեսզի մեզ զգուշացնեն ու ցուցումներ տան, թե ինչպես վարվենք այս կամ այն իրավիճակում:

 

Սովորաբար հաճելի չէ, երբ մեզ ասում են, որ անհաջողության կհանդիպենք, եթե մեր ընթացքը չփոխենք: Մենք սխալմամբ հավատում ենք, որ եթե եկեղեցի ենք հաճախում կամ բարի գործեր ենք կատարում, ուրեմն քարոզիչը պետք է խրախուսի մեզ, և սա իհարկե ճիշտ է: Այդուհանդերձ, մեր հոգևոր առաջնորդը նաև պատասխանատու է հորդորելու մեզ կամ նախազգուշացնելու մոտալուտ վտանգի մասին:

Երբ բարին գործելու «գայթակղություն» կա

Սեփական անձի մասին չափից դուրս բարձր կարծիք ունենալը և սեփական անձին չափից շատ վստահելը` մեզ գայթակղության մեջ գցելու միջոցներից է: Սա թշնամու կողմից ցանված վերաբերմունք է, բայց Ա Կորնթացիների 10.12-ում մեզ զգուշացվում է. «Ուրեմն, ով որ համարում է, թե հաստատ կանգնած է, թող զգույշ լինի, որ վայր չընկնի կամ մեղքի մեջ չընկնի»: Մենք պետք է գիտակցենք, որ սատանան գայթակղեցնում է, որպեսզի չարություն գործենք, իսկ Աստված հորդորում է գործել բարին. «Ահա քո առջև եմ դրել կյանքը և մահը… ուրեմն ընտրի՛ր կյանքը…» (Երկրորդ Օրինաց 30.19):

 

Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ մենք չենք կարող շփվել աստվածամերժ մարդկանց հետ ու չվարակվել նրանցից: Հպարտությունը ստիպում է մարդկանց՝ անտեսել նախազգուշացումները: Նրանք  կարծում են, որ երբեք չեն բռնվի: Բայց այս հպարտ վերաբերմունքը շատ կյանքեր է վնասել: Մենք պետք է հեռու պահենք մեզ այն մարդկանցից, ովքեր կարող են թունավորել մեր տաճարը:

 

Աստված փորձում է փրկել մեր կյանքը: Նա կամենում է մեզ զորացնել, որպեսզի ինչ էլ պատահի այս վերջին օրերին, թաքնվենք ու պաշտպանվենք Նրա ծածկոցի տակ:

Ինչպե՞ս հաղթել պատերազմը

Մենք հակված ենք ավելի շատ ականջ դնել աշխարհից լսած մեր տեղեկություններին, քան մեզ հասանելի այն ներքին տեղեկությանը, որ գալիս է Սուրբ Հոգուց: Քո շնչի օգտագործման համար պատերազմ է գնում Աստծո և սատանայի միջև: Մարմնի ցանկությունները հակառակվում են Սուրբ Հոգուն, իսկ Սուրբ Հոգու ցանկությունները հակառակվում են մարմնի, այսինքն` աստվածամերժ մարդկային էության ցանկություններին: Սրանք հակառակ են միմյանց: Անընդհատ պայքարում են, որ միգուցե այն, որ դուք կամենում եք, դա անեք (տե՛ս Գաղատ. 5.17, Ընդլայնված Աստվածաշունչ):

 

Գայթակղությունը մեկանգամյա չէ: Մենք օր ու գիշեր առնչվում ենք դրան: Բայց Աստված մեզ զենքեր է տվել՝ պայքարելու դրա դեմ: «Մեր պատերազմի զենքերը մարմնավոր չեն, այլ` Աստծով զորավոր՝ բերդեր քանդելու, խորհուրդներ ենք քանդում, և ամեն բարձրություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ…» (Բ Կորնթացիների 10.4,5): Այս խոսքերը ցույց են տալիս, որ մենք պետք է շարունակենք հասունանալ Աստծո գիտության մեջ, եթե ցանկանում ենք սատանայից մեկ քայլ առաջ անցնել ու հաղթել պատերազմը:

 

Երբեմն մենք քրիստոնեությունը չափազանց բարդացնում ենք: Կարծում ենք, թե պետք է որոշակի սկզբունքների հետևենք, որպեսզի  խնդիրների մեջ չընկնենք: Սաղմոս 37.3-ում գրված է. «Վստահե՛ք, ապավինե՛ք, ամուր կառչե՛ք Աստծուց և բարի՛ն գործեք, որպեսզի բնակվեք երկրում ու կերակրվեք Նրա հավատարմությամբ»: Այս խոսքից պարզ երևում է, որ պետք է վստահենք Աստծուն ու բարին գործենք:

Հակառակվե՛ք, այնուհետև ստացեք մրցանակը

Որքան հաճախ է Աստված հուշում մեզ բարի գործ անել, իսկ սատանան հարձակվում է մեր մտքի վրա, որպեսզի պատճառներ բերի Աստծո ասածը չանելու համար: Երբ հայտնվում ենք նման իրավիճակում, սատանան գողանում է բարին գործելու՝  արդյունքում օրհնված լինելու մեր հնարավորությունը: Թվում է, թե ավելի հեշտ է հակառակվել բարին անելու գայթակղությանը, քան՝ չարը գործելու: Ժամանակն է հետևելու Տիրոջ օրենքներին: Նա երբեք սխալ ուղղությամբ չի տանի քեզ: Հակոբոսի 4.7-ում գրված է. «Ենթարկվե՛ք Աստծուն, հակառակվե՛ք սատանային՝ նրան դեմ կանգնելով, և նա կփախչի ձեզնից»: Սա երկկողմանի է: Դու չես կարող սատանային հակառակվել՝ առանց Աստծուն հանձնվելու: Ոչ էլ կարող ես Աստծուն հնազանդվել՝ առանց սատանային հակառակվելու:

 

Եփեսացիների 5.18-ում գրված է, որ առավել քան երբևէ, լցվենք Սուրբ Հոգով: Երբ լցված ես Սուրբ Հոգով, դու կարող ես քո տանից դուրս քշել ընկճախտի ոգուն նույնիսկ` նախքան քեզ դիպչելը: Բայց երբեք մի՛ մոռացիր, որ պատերազմի մեջ ես ու պետք է կիրառես այն զենքերը, որ Տերը տվել է քեզ` սատանայի դեմ պայքարելու ու նրան հակառակվելու համար:

 

Գիտակցի՛ր ու դեմ առ դեմ նայի՛ր իրականությանը: Սատանան կենդանի է ու  կամենում է գողանալ քո ունեցածը: Բայց Աստծո Հոգով դու կարող ես հակառակվել սատանային ու հաղթել պատերազմը: «Բայց հիմա, երբ ազատ եք մեղքից ու դարձել եք Աստծո ծառաները, ձեր պտուղն ունեք սրբվելու համար, և նրա վերջը հավիտենական կյանքն է» (Հռոմեացիների 6.22):

Երբ ծառայում ենք Տիրոջը, ստանում ենք սրբության պարգևը: Դա չի նշանակում, որ ամեն բան ճիշտ ենք անում, ես ինքս դեռ մի շարք բնագավառներ ունեմ շտկելու, բայց  այնքա՜ն երջանիկ ու խաղաղ եմ: Ես սիրում եմ ամուսնուս, և չնայած մինչև հիմա նա անում է բաներ, որոնց համար նախկինում նյարդայնանում էի, այժմ դրանք ինձ չեն անհանգստացնում: Ես վայելում եմ սուրբ կյանքի օգուտները, դրա համար էլ խաղաղ եմ ու լիարժեք:

Ապրելու թանկ գինը

Սատանան գայթակղեցնում է, որ ցածրարժեք կյանքով ապրենք, իսկ Աստված կամենում է բարձրացնել մեզ: Մեծագույն սխալներից մեկը, որ թույլ ենք տալիս, ինքնաբավությունն է, երբ կարծում ենք, թե այն, ինչ այժմ ունենք՝ «նորմալ» է: Քիչ ակնկալիք ունենալու մտածելակերպը մեզ ետ է պահում Աստծուց, որովհետև Նա մեր միջոցով կարող է անել այն, ինչին մենք հավատում ենք:

 

Զգույշ եղիր, որ հոգևորում չմնաս այդ «նորմալ» կարգավիճակում: Ես չեմ ցանկանում սովորական մեկը լինել, որովհետև ես չեմ ծառայում սովորական Աստծո: Նա գերազանցության Աստված է, և ես կամենում եմ հետևել Նրա օրինակին: Մատթեոսի 16.25,26-ում գրված է. «Որովհետև ով որ ցանկանա ապրեցնել իր անձը, կկորցնի, և ով որ իր անձը կորցնի Ինձ համար, կգտնի նրան: Որովհետև ի՞նչ օգուտ ունի մարդը, եթե  ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի, կամ ի՞նչ գին կտա մարդն իր անձը փրկելու համար»:

Ցածր ապրելակերպը բարձր գին ունի: Ոչինչ չարժե հիասքանչ, ուրախ, խաղաղ, արդար ու սուրբ կյանքը այս երկրի վրա, եթե պետք է կորցնես հավիտենական կյանքի խոստումը Երկնքում: Եթե անունդ գրված է Գառան Կյանքի գրքում, բայց դու Քրիստոսի միտքն առնելու փոխարեն անցկացնում ես կյանքդ՝ հակառակվելով Աստծո կամքին ու ապրելով քո սեփական  կամքով և զգացմունքներով, ապա դու ցածր կյանքով ես ապրում:

Աստված ուզում է օրհնել քեզ, բայց Նա չի կամենում, որ ինքդ փորձես վաստակել այն: Նա չի ուզում, որ քո կյանքում շատ բաներ Իրենից առավել դասես: Մատթեոսի 6.33-ում Նա ասում է. «Սկզբում Աստծո արքայությունը և Նրա արդարությունը փնտրե՛ք, և այս բոլոր բաները կտրվեն ձեզ»:

Այսպիսով, ճանաչի՛ր ինքդ քեզ ու ճանաչի՛ր քո խնդիրները: Ճանաչի՛ր ուժեղ կողմերդ և խնդրի՛ր Աստծուն հոգ տանել թույլ կողմերիդ մասին: Երանելի ու օրհնյալ է այն մարդը, ով համբերում է փորձությանը և դեմ է կանգնում գայթակղությանը, որովհետև եթե փորձվելով ընտիր գտնվի, կյանքի պսակը կառնի, այն, որ խոստացավ Իրեն սիրողներին (տե՛ս Հակոբ. 1.12):

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon