Ինչպես ընդունել Աստծո ներողամտությունը

Ինչպես ընդունել Աստծո ներողամտությունը

Հնարավոր է՝ սա շատ տարօրինակ հնչի հավատացյալների համար, բայց իսկապես տեղին է: Թույլ տվեք այս կերպ ասել. երբ խնդրում եք Աստծուն՝ ներել ձեզ, դուք միանգամի՞ց եք ստանում ձեր ներումը, թե՞ ինքնամեղադրանքի վրա ժամանակ եք վատնում:

Այնքան քրիստոնյաներ են պայքարում մեղքի զգացողության ու դատապարտության դեմ: Նրանք փորձում են վճարել Աստծուն իրենց սխալների համար, բայց Հիսուսն արդեն վճարել է:

Աստծո՝ պայմանականություններ չճանաչող սերը բավականին բարդ գաղափար է, որովհետև աշխարհում միշտ ամեն ինչի համար գին կա: Դա երկրային կյանքի սկզբունքն է: Բայց Աստված մարդ չէ:

Արդյո՞ք այս փաստը ձեզ չի ուրախացնում:

Մենք պետք է իմանանք, որ անկախ այն բանից՝ զգում ենք, որ ներված ենք, թե՝ ոչ, մենք ներված ենք:

Խոստովանության զորությունը

Մեղավորության և դատապարտության զգացումը մեծ խնդիր է եկեղեցում, բայց ուզում եմ հասկանաք, որ դա ընդամենը զգացողություն է:

Եթե իսկապես գիտեք Աստծո Խոսքը, ապա կարևոր չէ, թե ինչ եք զգում: Դուք կարող եք սուրբգրային խոսքեր հռչակել ձեր կյանքում, և շատ շուտով ձեր զգացմունքները կկորցնեն ուժը:
Օրինակ` Ա Հովհաննես 1.9-ում գրված է, որ եթե ապաշխարենք ու խոստովանենք մեր մեղքերը, ապա հավատարիմ է Աստված, որ ների մեզ: Դու պետք է կառչես դրանից:
Հաջորդ անգամ, երբ խնդրես Աստծուն` ներել քեզ, իսկ հետո կրկին չներված զգաս, բացի՛ր շուրթերդ ու ասա՛. «Աստված ներել է ինձ »: Մեջբերում արա Հովհաննեսի 1.9-ից կամ մեկ այլ տեղ գտիր Աստվածաշնչում, բայց ասա՛ դա բարձրաձայն. լեզվի մեջ զորություն կա:

Սուրբգրային հատվածներ հռչակելն ու բարձրաձայն ասելը ոչ միայն նորոգում է միտքդ, այլ նաև օգնում է աներեր մնալ, որը սատանային իր տեղն է գցում:
Սատանան կփորձի մեղքի զգացողության մեջ պահել մեզ, նույնիսկ` երբ սխալ չենք գործել: Մենք պետք է խոստովանենք մեր մեղքերը` մինչև հասկանանք, որ ամեն բան խոստովանված է, իսկ հետո հագնենք մեր հոգևոր հանդերձները, որպեսզի ամուր կանգնենք մեր հավատքի վրա:

Սերը հաղթում է դատապարտությանը

Մենք ցանկանում ենք լինել սիրված՝ անկախ ամեն ինչից, և ընդունված լինենք այնպես, ինչպես որ կանք: Մենք չենք կամենում ձևացնել, պարզապես ցանկանում ենք լինել ընդունված և սիրված: Իսկ Աստված այդ ամենն առաջարկում է բոլորիս:

Մեզնից և ոչ ոք չի կարող վաստակել Աստծո սերը: Բայց որպեսզի ստանանք այն,  նախ պետք է հավատանք, որ Նա սիրում է մեզ:
Եթե խնդիր ունես` այս բնագավառում Աստծուն հավատալու համար, մի՛ հաշտվիր այդ փաստի հետ՝ ձևացնելով, թե ամեն բան նորմալ է: Ուսումնասիրի՛ր, թե ինչ է Աստծո սերը, գրքեր կարդա այդ մասին, լսի՛ր քարոզներ սիրո թեմայով, սկսի՛ր խոսել այդ մասին:
Ասա. «Եթե որևէ մեկը կարող է ունենալ Աստծո սերը, ապա ես էլ կունենամ: Եթե որևէ մեկը կարող է ազատ լինել, ապա ես էլ ազատ կլինեմ: Եթե որևէ մեկը երջանիկ է՝ ես էլ  կլինեմ: Եթե որևէ մեկը կարող է խաղաղություն ունենալ, ապա ես էլ կարող եմ ունենալ: Եթե Աստված կարող է օգտագործել որևէ մեկին, ապա ինձ էլ կարող է: Եթե որևէ մեկը կարող է հաղթահարել իր փշրված անցյալը, ապա՝ ես նույնպես»:

Տեղ մի՛ տուր զգացմունքներիդ, այլ իշխի՛ր դրանց: Կառավարի՛ր դրանք: Հիշի՛ր, որ  ամեն օր Քրիստոսի մեջ ես, դու նոր արարած ես:

 

Ժամանակ հատկացրու մեծանալու

Մեկ այլ բնագավառ, որտեղ պայքարում են քրիստոնյաները. արդյո՞ք Տերը մեծ ծրագիր ունի իրենց կյանքի համար: Այս դեպքում նույնպես մի՛ վստահիր զգացմունքներիդ: Վստահի՛ր Աստծո Խոսքին:

Երեմիա 29.11-ում գրված է. «Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- խաղաղության խորհուրդները, և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը»:

Բոլորս էլ կարող ենք ունենալ այն ապագան, որ Աստված է ծրագրել մեզ համար, եթե հետևենք դրան, եթե ընտրենք աճել ու զարգանալ Աստծո հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ:
Իհարկե, աճելը ցավոտ է: Հեշտ չէ, երբ ինքդ քեզ ոչ ես ասում, և Աստծուն՝ այո: Բայց ամեն անգամ, երբ մերժում ես մարմնավորը, այն մի փոքր թուլանում է, իսկ դու հաղթում ես:

Իսկապես ուժեղ ու լուրջ քրիստոնյաները ցանկանում են սնվել «մսոտ կերակուրով»` Խոսքով: Նրանք հպարտության դեմ քարոզներ են լսում: Նրանք կամենում են խոնարհ, համբերատար և Քրիստոսի մեջ հաղթողներ լինել: Նրանք վարժեցնում են իրենց անձը՝ սխալի մեջ ճիշտը փնտրելով:

Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ քեզ. եթե դու Քրիստոսի մեջ ես և ընտրում ես հոգևոր աճը, ավելի քիչ խնդիր կունենաս մեղավորության ու դատապարտության հետ: Որպես արդյունք՝ դու կսիրես Աստծուն և այն մարդկանց, ում միջոցով Նա գործում է, որպեսզի շտկի քեզ, որովհետև նրանք օգնում են քեզ՝ փոխվել և աճել:

Ես չեմ ցանկանում, որ դուք ամեն օր արթնանաք ու ապրեք ձեր օրը՝ հիմնվելով ձեր զգացմունքների վրա: Ես կամենում եմ, որ իմանաք. Աստված սիրում է ձեզ` անկախ այն բանից, թե ինչ եք արել: Ուստի, դուք չպե՛տք է թույլ տաք, որ զգացմունքները թելադրեն ձեր կյանքի ընթացքը:
Ես հավատում եմ, որ փոփոխություն կզգաք, եթե աղոթեք ու խնդրեք Աստծուն. «Իմ կյանքում արա՛ այն, ինչ Քո կամքն է: Ես Քո՛նն եմ»:

Համարձա՛կ եղիր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon