Խնդիրնե՞ր ունես: Գործարքի մեջ մտիր Տիրոջ հետ:

Խնդիրնե՞ր ունես: Գործարքի մեջ մտիր Տիրոջ հետ:

Գիտե՞ս, որ Աստված կամենում է համագործակցել քեզ հետ: Նա մնայուն առաջարկ ունի ամեն րոպե և ամեն օր: Նա կամենում է, որ Իրեն տաս քո բոլոր հոգսերը, խնդիրները և ձախողումները: Ի պատասխան՝ Նա կտա Իր խաղաղությունը և ուրախությունը: Որպես ավարտ՝ Նա խոստանում է պաշտպանել ու խնամել քեզ:

Երբ անհանգստությունը ճնշում է քեզ

Աստված իսկապես կամենում է հոգ տանել մեր մասին, բայց որպեսզի թույլ տանք,   պետք է դադարենք ինքներս մեր մասին հոգ տանելուց և չպետք է անհանգստանանք ամեն մանրուքի համար, որ չենք կարողանում կառավարել: Շատ մարդիկ կցանկանային, որ Աստված հոգ տաներ իրենց մասին, բայց նրանք շարունակում են անհանգստանալ ու փորձել ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, այնինչ` անհրաժեշտ է սպասել Աստծո ուղղորդմանը: Նրանք գալարվում են իրենց սեփական դժվարության մեջ՝ հարցնելով, թե ինչու Աստված իրենց խաղաղություն չի տալիս: Աստված մեզ կտա խաղաղություն, բայց սկզբում մենք պետք է մեր անհանգստությունները հանձնենք Նրան:

Մեր հոգսերը հանձնում ենք Աստծուն՝ վստահելով, որ Նա կարո՛ղ է և հո՛գ կտանի մեր մասին: Վստահելով Աստծուն՝ կարող ենք հանգստանալ Նրա մեջ՝ իմանալով, որ Նա վերահսկում է իրավիճակը: Մյուս կողմից, անհանգստությունը վստահության հականիշն է: Այն գողանում է մեր խաղաղությունը, ճնշում մեզ ֆիզիկապես, որի հետևանքով մենք նույնիսկ հիվանդանում ենք: Եթե անհանգստանում ենք, ապա լիովին չենք վստահում Աստծուն ու երբեք չենք կարողանա վերապրել Նրա խաղաղությունը:

Ինչպիսի՜ համագործակցություն: Մենք Աստծուն ենք հանձնում մեր հոգսը, իսկ Նա տալիս է Իր խաղաղությունը: Մենք հանձնում ենք Նրան մեր բոլոր մտահոգությունները, իսկ Նա տալիս է մեզ պաշտպանություն, կայունություն և ուրախություն: Սա՛ է Նրա կողմից խնամված լինելու արտոնությունը:

Քանի որ Նա հոգ է տանում մեր մասին, նույնպես ցանկանում է, որ մենք ապրենք խաղաղության մեջ, ոչ թե կապված մնանք անհանգստությանը: Նա ճանապարհներ ունի մեզ առաջնորդելու, եթե բավականաչափ զգայուն լինենք Նրա ուղղորդումը զանազանելու համար:

Ինչպե՞ս ընթանալ հարթ ճանապարհով

Պատկերացրեք՝ ընթանում եք մեքենայով: Ճանապարհի երկայնքով տեղադրված են ավտոճանապարհային նշաններ, որոնք ձեզ ուղղորդում են կամ զգուշացնում: Եթե  ուշադրություն եք դարձնում այդ նշաններին և հետևում եք ցուցումներին, ուրեմն ապահով տեղ կհասնեք:

Նույն կերպ, կյանքի ճանապարհին կան հոգևոր նշաններ: Որպեսզի մնանք Աստծո պաշտպանության ներքո, պետք է հետևենք այդ նշաններին. դրանք հորդորում են մեզ՝ վստահել Աստծուն ու չանհանգստաալ: Մի՛ վախեցիր, քաջասի՛րտ եղիր: Եթե ուշադրություն դարձնես դրանց, կտեսնես, թե որքան հեշտ է ճանապարհից չշեղվելը: Դու կվերապրես այն ուրախությունն ու խաղաղությունը, որ միայն Աստված կարող է ապահովել:

Ինչևէ, եթե չհետևես նշաններին, կնկատես, որ ճանապարհը փոքր-ինչ անհարթ է,  քան առաջ էր, և դու այնքան էլ վստահ չես զգում քեզ՝ որքան նախկինում: Գուցե սկսես մտահոգվել այն անծանոթ բաների համար, որոնք սպասում են քեզ առջևում: Դու նույնիսկ կարող ես շեղվել ընթացքիցդ:

Անհանգստությունը՝ ամառվա տապին հաստ վերարկու հագնելու պես է: Այն քեզ ճնշում է, դրանով ընթանալը դժվար է, իսկ այն կրելը՝ հեղձուցիչ: Ըստ Վեբսթերի բառարանի՝ անհանգստություն նշանակում է լինել անկայուն, տատանվող կամ տագնապալի վիճակում: Երբեմն այն անհասկանալի է: Կարծես թե ոչինչ չի եղել, բայց մենք զգում ենք, որ տագնապած ենք:

Ես և դու կարիք չունենք մտահոգվելու վաղվա համար, երբ ամեն բան ունենք այսօրվա համար: Եթե նույնիսկ կարողանանք մեր բոլոր խնդիրները լուծել այսօր, վաղն ավելի շատ բան կունենանք լուծելու, իսկ մյուս օրը՝ է՛լ ավելի:

Ինչո՞ւ վատնենք մեր ժամանակն անհանգստանալով, եթե գիտենք, որ դրանով ոչինչ չի լուծվելու: Ինչո՞ւ անհանգստանանք երեկվա համար, որն արդեն անցել է, կամ վաղվա համար, որը դեռ չի եկել: Վաճառի՛ր այսօր հոգսերդ` Աստծո խաղաղությունն ունենալու համար: Հիշի՛ր՝ ամեն բան լավ է լինելու:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon