Դու կարո՛ղ ես հաղթել քո մտքի ճակատամարտը

Մտքերը կարևոր են: Համաձայն Առակաց գրքի հեղինակի՝ դրանք արարող էություն ունեն: Մարդն այնպիսին է, ինչպիսին մտածում է իր սրտում: Նա քեզ ասում է «կե՛ր, խմի՛ր», բայց նրա սիրտը քեզ հետ չէ, այլ` հաշվարկում է (մտքում ծախսերն է հաշվում, տե՛ս Առակ. 23.7):

Իրականում դու չես կարող ունենալ դրական ու եռանդուն կյանք և բացասական միտք:

Ես տարիներ շարունակ անցկացրել եմ դժբախտության մեջ, որովհետև ամեն առավոտ արթնանալիս՝ սկսում էի բացասական, տխուր և ճնշող բաների մասին մտածել: Հիմա ճշմարիտ կարող եմ ասել, որ ամբողջապես բավարարված եմ, քանի որ Սուրբ Հոգին օգնել է ինձ` գործել Քրիստոսի մտածելակերպով (Հոգու մտքով), որ ինձանում է:

Գուցե դու տարիներ ես վատնել՝ սխալ մտքերի շուրջ խորհելով, որոնք հիմնված են եղել կոտրված ու անարդյունավետ անցյալի վրա, բայց դա այսօր կարո՛ղ է փոխվել:

Հզոր ուժ

Եթե բացասական մտածելակերպի դեմ ես պայքարում, շատ կարևոր է հաշտվել այն մտքի հետ, որ կյանքդ չի´ փոխվի, քանի դեռ չես փոխել մտածելակերպդ:

Նորոգված, աստվածակերպ մտածելակերպը էական նշանակություն ունի փոփոխության համար:

Աստվածաշունչն ասում է, որ Աստված սիրում է մեզ, բայց երբևէ պայքարե՞լ ես այս խոսքին հավատալու համար: Ես սովորել եմ, որ եթե մենք չխորհենք Աստծո Խոսքի շուրջ, ապա երբեք էլ չենք վերապրի Նրա սիրո խորությունը:

Աստծո սերը մեր կյանքում հզոր ուժ ունենալու համար է, այնպիսի ուժ, որը մեզ կանցկացնի նույնիսկ ամենադժվար փորձությունների միջով և կառաջնորդի դեպի հաղթանակ:

Մտածի՛ր, թե ինչ ես մտածում

Աստվածաշունչը մի շարք մանրամասնորեն նկարագրված ցուցումներ է տալիս, թե ինչ բաների շուրջ պետք է խորհենք: Փիլիպեցիների 4.8 խոսքն ասում է, որ պետք է մտածենք միայն այնպիսի բաների մասին, որոնք մեզ բարձրացնում են, ոչ թե կոտրում: «Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առաքինություն է, և թե գովություն` այն մտածե՛ք (ձեր միտքը կենտրոնացրե՛ք դրանց վրա):

Եթե հավատացյալ ես, հավանաբար ամեն օր խորհում ես որոշակի սուրբգրային խոսքերի շուրջ, բայց մտածի՛ր այն մասին, թե արդյո՞ք չես խառնում դրանք բացասական մտքերի կամ որևէ պատահական մտքի հետ, որ կարող է ծագել գլխումդ:

Իմ կյանքում շատ անգամներ ես պարզապես խորհել եմ ցանկացած մտքի շուրջ, որ ծագել է գլխումս: Դրանց մեծ մասը կա՛մ սատանայի ստերն էին, կա՛մ էլ պարզապես դատարկաբանություններ: Սատանան կառավարում էր իմ կյանքը, քանի որ կառավարում էր միտքս:

Մարկոս 4.24 խոսքում գրված է. «Եվ ասաց նրանց. «Տեսեք՝ ինչ եք լսում, ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի, և կավելանա ձեզ լսողներիդ (բացի ունեցածից՝ լսողներին ավելի՛ն կտրվի)»»։

Ըստ այս խոսքի՝ որքան շատ ժամանակ հատկացնենք Խոսքի շուրջ խորհելու համար, այնքան ավելի զորություն ու կարողություն կունենանք` դրանով առաջնորդվելու համար: Այն նաև ասում է, որ որքան շատ կարդանք ու լսենք Աստծո Խոսքը, այնքան շատ հայտնություն կստանանք այն հասկանալու համար:

Ֆիզիկապես մենք ծույլ ենք և ցանկանում ենք ստանալ Աստծուց` առանց ջանքեր գործադրելու, բայց այս միջոցը չի գործում: Դու Խոսքից կարող ես ստանալ ճիշտ այնքան, որքան դրա մեջ ներդնում ես:

Ես խրախուսում եմ քեզ, որ որոշում կայացնես՝ ամեն օր խորհել Աստծո Խոսքի շուրջ, որովհետև ամեն անգամ այդ Խոսքը սպունգի պես ներծծելով՝ ավելի շատ առաքինություն ու գիտություն կստանաս Աստծուց:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon