
«Եվ պիտի թափեմ Դավթի տան վրա և Երուսաղեմում բնակվողի վրա շնորհքի կամ չարժանացած բարեհաճության և աղաչանքի Հոգին» (Զաքարիա 12.10):
Համաձայն այսօրվա խոսքի՝ Սուրբ Հոգին աղաչանքի Հոգի է, ինչը նշանակում է, որ Նա աղոթքի Հոգի է: Սուրբ Հոգին մեզ աղոթելու ցանկություն է տալիս. դա այն միջոցներից մեկն է, որով Նա խոսում է մեզ հետ: Գուցե չենք գիտակցում, թե որքան հաճախ է Նա առաջնորդում մեզ աղոթելու, և գուցե կարծում ենք, թե մեր մտքով հենց այնպես է անցնում տվյալ անձնավորությունը կամ իրավիճակը: Հաճախ ժամանակ է պահանջվում հասկանալու, թե երբ է Աստված խնդրում մեզ աղոթել, և սա այն դասերից է, որ ստիպված եղա սովորել փորձառության միջոցով:
Մի երկուշաբթի ես սկսեցի մտածել ինձ ծանոթ հովիվներից մեկի մասին: Երեք օր շարունակ նա անընդհատ իմ մտքում էր: Չորեքշաբթի օրը գործնական նպատակով գտնվում էի մի վայրում, որտեղ տեսա նրա քարտուղարուհուն և անմիջապես հարցրի նրա ողջությունը: Իմացա, որ հովիվն այդ շաբաթ հիվանդ է եղել, բացի այդ, նրա հորն ախտորոշել էին քաղցկեղ, որը տարածվում էր ամբողջ մարմնով:
Ես իսկույն հասկացա, թե ինչու էի այդքան շատ մտածում այդ հովվի մասին: Պետք է խոստովանեմ, որ չեմ աղոթել նրա համար. պարզապես մտածել եմ: Անշուշտ, ցավում էի, որ բաց էի թողել Սուրբ Հոգու առաջնորդությունը, բայց համոզված եմ, որ Աստված գործածել էր ուրիշներին՝ նրա համար աղոթելու և նրան ծառայելու համար, մինչ ես սովորում էի այս կարևոր դասը՝ Նրա ձայնը լսելու մասին:
Երբ այսպիսի բաներ են պատահում, չպետք է ընկնենք դատապարտության տակ. պարզապես պետք է սովորենք: Աղաչանքի Հոգին ապրում է մեր մեջ, ուղղորդում է մեզ և խոսում մեզ հետ: Մենք պետք է զարգացնենք մեր զգայունակությունը Նրա առաջնորդության հանդեպ, որպեսզի աղոթենք ուրիշների համար, երբ Նա խնդրում է, և տեսնենք, թե ինչ հրաշալի բաներ է Աստված անում նրանց կյանքում:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ավելի լավ է աղոթել ինչ-որ մեկի համար, քան պարզապես մտածել նրա մասին: