
«Ոչինչ հոգս մի՛ արեք. այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն»: ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 4.6
Չափազանց հաճախ մենք աղոթքին վերաբերվում ենք որպես վերջին հնարավորության: Պատճառները տարբեր են. մենք փորձում ենք ինքնուրույն լուծել խնդիրը, ենթադրում ենք, որ Աստված չափազանց զբաղված է այլ բաներով, կամ զգում ենք, որ Նա զայրացած է մեզ վրա և չի լսի մեր աղոթքները: Բայց երբ թերանում ենք աղոթելու մեջ, արդյունքը նույնն է. մենք կրում ենք բեռներ, որոնք չպիտի կրենք:
Շատ հավատացյալների համար կյանքը շատ ավելի դժվար է, քան պետք է լինի, որովհետև նրանք չեն գիտակցում աղոթքի զորությունը: Եթե գիտակցեին, կաղոթեին ամեն ինչի համար՝ աղոթքին վերաբերվելով ոչ թե որպես վերջին հնարավորության, այլ որպես առաջին արձագանքի:
Հակոբոսի 5.13-ում առաքյալն առաջարկում է երեքբառանի լուծում կյանքի որոշ մարտահրավերների համար. «Թող աղոթք անի»: Այս խոսքում մեզ տրված ուղերձն այն է, որ անկախ նրանից, թե ինչ է կատարվում օրվա ընթացքում, մենք կարող ենք գնալ Աստծո մոտ աղոթքով: Այս որոշման մեջ մեծ առավելություն կա. որքան շատ աղոթեք, այնքան մոտ կլինեք Աստծուն:
Երբ խնդիր եք ունենում, աղոթքը դարձրեք ձեր առաջին արձագանքը: Եթե ունեք կարիք, մի՛ վարանեք պատմել Աստծուն դրա մասին: Երբ հիասթափվում եք կամ զգում եք, որ պիտի հանձնվեք, թող Աստված լինի առաջինը, ում հետ կխոսեք ձեր զգացողությունների մասին: Նա սիրում է ձեզ, և երբ աղոթքով մոտենաք Նրան, կզարմանաք, թե ինչպիսի ազդեցություն դա կունենա ձեր կյանքում: