Աղոթի՛ր և գոհացի՛ր

Աղոթի՛ր և գոհացի՛ր

«Եվ երբ որ Դանիելն իմացավ, թե հրովարտակը ստորագրվեց, գնաց իր տունը… և օրը երեք անգամ ծնկի էր գալիս և աղոթք էր անում և գովաբանում էր իր Աստծուն, ըստ որում նա սրանից առաջ այսպես էր անում» (ԴԱՆԻԵԼ 6.10):

Գոհանալը անչափ կարևոր է Աստծո ձայնը լսելու համար, որովհետև ինչպես փառաբանությունը և երկրպագությունը, այն մի բան է, որին արձագանքում է Աստված: Մի բան, որ Աստված սիրում է, մի բան, որ ջերմացնում է Նրա սիրտը: Ամեն անգամ, երբ Աստծուն այդպիսի հաճույք ենք պարգևում, մեր մտերմությունը Նրա հետ ավելի է խորանում, և դա նպաստում է Նրա հետ մեր փոխհարաբերության զարգացմանը:

Եթե շնորհակալ չենք այն ամենի համար, ինչ ունենք, ինչո՞ւ պիտի Աստված տա մեզ մեկ այլ բան, որի համար տրտնջալու ենք: Միաժամանակ, երբ Աստված տեսնում է, որ անկեղծորեն գնահատում ենք մեծ ու փոքր բաները և գոհանում, Նա հակված է տալու մեզ ավելին: Համաձայն Փիլիպեցիների 4.6-ի՝ այն, ինչ խնդրում ենք Աստծուց, պետք է գոհությունով լինի: Անկախ նրանից, թե ինչի համար ենք աղոթում՝ գոհությունը միշտ պետք է ուղեկցի դրան: Աղոթքը գոհությունով սկսելը լավ սովորություն է, որը կարող ենք զարգացնել: Օրինակ, մենք կարող ենք ասել. «Շնորհակալությո՛ւն այն ամենի համար, ինչ արել ես իմ կյանքում: Դու փառահե՛ղ ես, և ես իսկապես սիրում ու գնահատում եմ Քեզ»:

Քաջալերում եմ քեզ քննել կյանքդ, ուշադրություն դարձնել մտքերիդ և խոսքերիդ ու տեսնել, թե որքան ես գոհանում Նրանից: Եթե ուզում ես մարտահրավեր ընդունել, ապա պարզապես փորձի՛ր ամբողջ օրն անցկացնել՝ առանց դժգոհության որևէ խոսք արտաբերելու: Զարգացրո՛ւ գոհության վերաբերմունք յուրաքանչյուր իրավիճակում: Իրականում, դարձի՛ր ծայրահեղ գոհացող, ու տե՛ս, թե ինչպես է քո մտերմությունն Աստծո հետ խորանում, և ինչպես է Նա առատ օրհնություններ թափում քեզ վրա:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Խոսի՛ր գոհության, ոչ թե դժգոհության խոսքեր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon