Աղոթքի զորությունը կախված չէ նրա տևողությունից

«Եվ աղոթք անելիս շատախոս մի՛ եղեք, ինչպես հեթանոսները… Արդ, նրանց մի՛ նմանվեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ բաներ պետք են ձեզ՝ Նրանից խնդրելուց առաջ» (ՄԱՏԹԵՈՍ 6.7,8):

Ամենամեծ ստերից մեկը, որ սատանան ասում է մարդկանց աղոթքի վերաբերյալ, այն է, որ աղոթքը պետք է երկար տևի: Նա կստիպի քեզ մտածել, որ պետք է ժամերով աղոթես, մինչև աղոթքդ լիարժեք համարվի, սակայն Աստծո Խոսքից և անձնական փորձառությունից գիտեմ, որ հարկ չկա, որ աղոթքը երկար տևի, որպեսզի այն զորավոր լինի: Աղոթքի զորավոր լինելը կախված չէ նաև նրա կարճ լինելուց: Մեր աղոթքների տևողությունը որևէ նշանակություն չունի Աստծո համար: Կարևորն այն է, որ մեր աղոթքները լինեն Հոգուց առաջնորդված, անկեղծ և հավատքով լեցուն:

Կարծում եմ, որ մենք կարող ենք այնքան խճճվել մեր աղոթքի բառերի մեջ, որ կորցնենք աղոթքի զորությունը: Ես կրկին ուզում եմ շեշտել, որ ոչ մի սխալ բան չկա երկար աղոթելու մեջ: Ինչպես ավելի վաղ ասացի, ես հավատում եմ, որ մենք պետք է ժամանակ հատկացնենք Աստծո հետ երկարատև հաղորդակցմանը և աղոթքին, և Աստծո հետ ժամանակ անցկացնելու մեր պատրաստակամությունը կամ դրա բացակայությունը որոշում է Նրա հետ մեր մտերմության աստիճանը: Սակայն, չեմ կարծում, որ առանց Սուրբ Հոգու առաջնորդության, մենք պետք է ջանանք որոշակի ժամեր տրամադրել Աստծո հետ խոսելուն և Նրան լսելուն՝ պարտականության զգացումից դրդված կամ որպես մարմնի աշխատանք: Եթե մեր կյանքի խնդիրներն իսկապես պահանջում են ավելի երկար աղոթել և տևական ժամանակ հատկացնել Աստծո ձայնը լսելուն, ուրեմն մենք պետք է ներդնենք այդ անհրաժեշտ ժամանակը, բայց հարկ չկա, որ երկարատև աղոթքներ անենք պարզապես ժամանակն արձանագրելու համար:


Աստծո Խոսքը Քեզ Համար Այսօր.թո՛ւյլ տուր, որ աղոթքդ լինի Հոգով առաջնորդված, սրտաբուխ և ճշմարիտ հավատքով լեցուն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon