
«Գոհանում եմ Քեզանից, որ ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են Քո գործերը, և իմ անձը լավ հասկացել է»: —Սաղմոս 139.14
Աստվածաշունչն ասում է, որ մենք ահավոր և զարմանալի կերպով ենք ստեղծվել: Աստված ժամանակ է տրամադրել և Իր ստեղծարարությունն է կիրառել մեզանից յուրաքանչյուրին կերտելիս, այնպես որ հստակ է, որ Նա մեզ բոլորիս նույնը չի ստեղծել:
Ցավոք, երբեմն մենք փորձում ենք սիրել մարդկանց այնպես, կարծես նրանք բոլորը նույնն են:
Դու կհայտնաբերես, որ ոչ բոլոր մարդիկ են քեզանից նույն բանն ուզում: Օրինակ՝ քո երեխաներից մեկը միգուցե քո անձնական ժամանակի կարիքն ավելի շատ ունի, քան մյուսը: Մի ընկերն ավելի շատ քաջալերման կարիք ունի, քան մեկ ուրիշը: Մարդիկ սիրո տարբեր տեսակների կարիք ունեն:
Անհատական նախապատվություններն ու կարծիքները հարգելը նույնպես շատ կարևոր է: Եսասեր մարդիկ ակնկալում են, որ բոլորն իրենց նման լինեն, սակայն սերը հարգում է մարդկանց մեջ եղած տարբերությունները: Եթե Աստված ցանկանար, որ բոլորս միանման լինեինք, մեզանից յուրաքանչյուրին տարբեր մատնահետքեր չէր տա: Ես հավատում եմ, որ այդ փաստը միայն ապացուցում է, որ մենք ստեղծված ենք ոչ թե միանման, այլ տարբեր:
Մենք բոլորս ունենք տարբեր պարգևներ ու տաղանդներ, տարբեր նախասիրություններ ու չսիրած բաներ, կյանքի տարբեր նպատակներ ու տարբեր շարժառիթներ: Սիրող անձնավորությունը հարգում և խրախուսում է ուրիշների մեջ եղած տարբերությունները:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ գնահատելու ուրիշների մեջ եղած տարբերությունները և համապատասխանաբար սիրելու նրանց: Մենք բոլորս ահավոր և զարմանալի կերպով ենք ստեղծվել: Շնորհակալություն, որ զարմանալի կերպով ես ստեղծել ամեն մի անհատին, ում դրել ես իմ կյանքում: