Այսպես ավելի լավ է

Այսպես ավելի լավ է

«Բայց Ես ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ Ես գնամ, որովհետև եթե չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 16.7):

Սուրբ Հոգու ներկայությունը մեր կյանքում շատ ավելի հրաշալի է, քան կարող ենք պատկերացնել: Նա մեր Մխիթարիչն է, և դա նշանակում է, որ Նա կօգնի և կմխիթարի մեզ կյանքի ճանապարհորդության ամբողջ ընթացքում: Ես սիրում եմ մտածել Սուրբ Հոգու վերաբերյալ այսպես. Նա մոտ է ինձ այնքան, որքան իմ շնչառությունը:

Սուրբ Հոգին առաջնորդում և ուղղորդում է մեզ այն ծրագրի մեջ, որ Աստված ունի մեր կյանքի համար: Նրա առաջնորդությանը հետևելն իսկապես ճանապարհորդություն է: Մենք սովոր ենք ապրել մեր մտքերով, զգացմունքներով և ցանկություններով, բայց, որպես քրիստոնյաներ, պետք է սովորենք առաջնորդվել Սուրբ Հոգով: Հիսուսը եկավ մարդու մարմնով և հասկանում է այն ամենը, ինչի միջով անցնում ենք կյանքում: Ես մեծ մխիթարություն եմ ստանում, երբ հիշում եմ, որ Հիսուսը հասկանում է ինձ: Նա համբերատար է և կշարունակի աշխատել մեզ հետ, քանի դեռ հոժար ենք սովորելու:

Ինչո՞ւ պիտի Հիսուսն ասեր, որ ավելի լավ կլինի, որ գնա և ուղարկի Սուրբ Հոգուն: Ի՞նչը կարող էր ավելի հրաշալի լինել, քան Հիսուսի ֆիզիկական ներկայությունը երկրի վրա: Հիսուսը կարող էր միաժամանակ լինել միայն մեկ վայրում, բայց Սուրբ Հոգին կարող է լինել ամենուրեք՝ միաժամանակ գործելով յուրաքանչյուրի մեջ: Դա զարմանալի է: Նա երբեք չի թողնում մեզ՝ նույնիսկ մեկ վայրկյան: Նա գիտի ամենը մեր մասին և աշխատում է բժշկել մեր վերքերը ու ամեն բան կարգի բերել մեր կյանքում: Օրեցօր մենք ավելի ու ավելի լավն ենք դառնում Սուրբ Հոգու փառահեղ զորության և իմաստության շնորհիվ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. խնդրի՛ր, որ Սուրբ Հոգին ընդունի քեզ այնպիսին, ինչպիսին կաս, և դարձնի այնպիսին, ինչպիսին ուզում է, որ լինես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon