
«Սիրելինե՛ր, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք էլ պետք է իրար սիրենք»: Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 4.11
Սիրելը և սիրվելը այն բաներն են, որոնց համար արժե ապրել: Աստված ստեղծել է մեզ, որ սիրենք և սիրվենք. սա նպատակ և իմաստ է տալիս կյանքին: Սերն աշխարհի ամենահրաշալի բանն է:
Այն նաև մեր կյանքի՝ ամենակատաղի հարձակման ենթարկվող բնագավառն է: Սատանայի նպատակն է բաժանել մեզ Աստծո սիրուց, և նա կօգտագործի ամեն հնարավոր բան, որպեսզի բարդացնի կամ խճճի մեր պատկերացումն Աստծո սիրո մասին: Խաբեության նրա հիմնական միջոցը մեզ հավատացնելն է, որ Աստծո սերը մեր հանդեպ կախված է մեր արժանիքներից:
Ահա թե ինչպես էր դա գործում իմ կյանքում. ամեն անգամ, երբ ձախողվում էի, հրաժարվում էի Աստծո սերն ընդունելուց և սկսում էի ինձ պատժել դատապարտության և մեղքի զգացումով: Տարիներ շարունակ ես այսպես էի ապրում՝ պարտաճանաչ կերպով մեջքիս կրելով մեղքի ծանր պարկը: Ես պարբերաբար սխալներ էի անում և մեղավոր էի զգում յուրաքանչյուր սխալի համար: Այնուհետև բարի գործերով փորձում էի շահել Աստծո բարեհաճությունը:
Գոհություն Աստծուն, վերջապես եկավ ազատության օրը: Աստված Իր գթառատությամբ Սուրբ Հոգու միջոցով անձամբ հայտնեց Իր սերը: Այս մեկ հայտնությունը փոխեց իմ ամբողջ կյանքը և ընթացքն Աստծո հետ: Նույնը կարող է լինել ձեզ հետ: Երբ գիտակցեք, որ Աստված սիրում է ձեզ անվերապահորեն, ամեն բան կփոխվի: Դուք սիրված եք ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բան եք արել կամ չեք արել, այլ որովհետև Աստված սեր է: