«Հոգո՛վ գնացեք և մարմնի ցանկությունը չեք կատարի»: —Գաղատացիների 5.16
Ես կարծում եմ, որ ամեն ժամանակ, երբ վհատություն ենք զգում, դա նշանակում է, որ մենք իրականում դադարել ենք ապավինել Աստծուն: Միգուցե սա խիզախ հայտարարություն է թվում, սակայն մտածի՛ր այդ մասին. Աստված ինձ ու քեզ տվել է Իր Սուրբ Հոգին և Իր շնորհքը, որպեսզի օգնի մեզ քայլելու այն ամենի միջով, ինչին կհանդիպենք մեր ճանապարհին: Հուսալքությունը հարվածում է մեզ, երբ դադարում ենք կախված լինել Նրանից և փորձում ենք ինչ-որ բան անել մեր ուժերով:
Սա հասկանալը մեծապես օգնեց ինձ: Ամեն անգամ, երբ ես վհատվում էի, ինքս ինձ հիշեցնում էի, որ այն, ինչ իրականում փորձում էի անել, Սուրբ Հոգու տեղը զբաղեցնելն էր: Ես փորձում էի լինել Սուրբ Հոգի կրտսեր:
Դու պայքարում ես, որ անկախ հոգի՞ ունենաս: Երբ հրաժարվում ես Աստծուց կախված լինելուց, ըստ էության, դու ասում ես. «Աստվա՛ծ, ես գնահատում եմ, որ Դու իմ կողքին ես, բայց տե՛ս, թե ինչպես ես կարող եմ ինքնուրույն գործել»: Ամեն բանի համար Աստծուց կախված լինելը միգուցե դժվար է, սակայն դա այն հաղթանակի բանալին է, որի կարիքն ունենք մեր կյանքի յուրաքանյուր օր:
Երբ Աստված փրկեց մեզ, Նա չօգնեց մեզ ու ասաց. «Լավ, այսքանը: Հիմա դու ինքնուրույն ես»: Նա հավիտյան փրկեց մեզ, ինչը նշանակում է, որ եթե կախում ունենանք Նրանից, Նա կառաջնորդի և կօգնի մեզ:
Գաղատացիների 5.16-ը հորդորում է մեզ՝ [սովորաբար] քայլել և ապրել [Սուրբ] Հոգով…այդ ժամանակ մարմնի փափագն ու ցանկությունները հաստատ չենք կատարի: Ուշադրություն դարձրեք, որ այստեղ չի ասվում. «Ինքնուրույն հաղթե՛ք մարմնին…այդ ժամանակ մարմնի ցանկությունները հաստատ չեք կատարի»: Ոչ, ասվում է՝ Հոգո՛վ ապրեք:
Ընտրի՛ր չապրել ինքնուրույն և փոխարենը ապավինի՛ր Սուրբ Հոգուն: Խոստանում եմ, որ չես զղջա:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, Դու ամենն ես, ինչի կարիքը ես ունեմ: Օգնի՛ր ինձ չվստահելու ինքս ինձ, այլ վստահելու Քեզ և ապավինելու միայն Քեզ: