
«…խոնարհությունով ընդունե՛ք ձեր մեջ սերմված Խոսքը, որ կարող է ձեր հոգիները ապրեցնել»: ՀԱԿՈԲՈՍ 1.21
Մեր կյանքում իրական և մնայուն կերպարանափոխում բերելու ամենահզոր և արդյունավետ միջոցն Աստծո Խոսքն է: Աստծո Խոսքն է, որ մոտեցնում է մեզ Աստծուն և սերտ փոխհարաբերության մեջ պահում Նրա հետ:
Սատանան միշտ կփորձի խաբել ձեզ՝ ձեր և ձեր իրավիճակի մասին ասելով այնպիսի բաներ, որոնք հակառակ են Աստծո Խոսքին: Քանի դեռ հավատում ենք ստերին, մնում ենք հուսախաբված, թշվառ և անզոր վիճակում: Բայց երբ Աստծո Խոսքի ճշմարտությունը բացահայտում է այս ստերը, ճշմարտությունը մեզ ազատ է արձակում:
Միայն Աստծո Խոսքն ունի այս զորությունը, և միայն Աստված կարող է փոխել մեզ: Խոսքը մերկացնում է սխալ շարժառիթները, սխալ մտքերը և սխալ խոսքերը: Ճշմարտությունը կարող է ազատել մեզ մեղքի զգացումից, ինքնամերժումից, դատապարտությունից, ինքնաատելությունից, մարմնի գործերից և ստերից, որ ընդունել ենք մեր կյանքի մեջ: Աստված պատրաստ է ազատ արձակելու մեզ, որպեսզի կարողանանք վայելել այն կյանքը, որ շնորհել է:
Պատյանում դրված սուրը ոչ մի արժեք չունի: Այն պետք է հանել և համապատասխանաբար գործածել: Աստծո Խոսքը հավատացյալի սուրն է, և մենք կարող ենք ամեն օր գործածել այն՝ դնելով մեր սրտում և խոսելով մեր շուրթերով: Հավատացյալը, ով անում է սա, լի է զորությամբ և կարող է իրականացնել մեծ բաներ Աստծո թագավորության համար: