Աստծո որդիներ և դուստրեր

Աստծո որդիներ և դուստրեր

«Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ՝ ինչպես որդիների հետ կվարվի. որովհետև ո՞ր որդին է, որ հայրը նրան չի խրատում» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 12.7):

Եթե մենք ուզում ենք առաջնորդվել Աստծո Հոգով, ապա պետք է հոժարակամ լինենք աճելու և դառնալու Աստծո հասուն որդիներ ու դուստրեր: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր մարմնավոր ցանկությունները, բնական հակումները, սատանան, մեր ընկերները, մեր հույզերը կամ մեր մտքերը առաջնորդեն մեզ. մենք պետք է հետևենք միայն Աստծո Հոգուն՝ մեզ առաջնորդելու և ուղղություն տալու համար:

Որքան շատ ենք ուսումնասիրում Աստծո Խոսքը, այնքան համոզվում ենք, որ Նա չի մոլորեցնի կամ չի ուղղորդի այնտեղ, որտեղ մեզ համար լավ չի լինելու: Նույնիսկ այն բաները, որոնք սկզբում անհարմար են թվում, վերջին հաշվով կվերածվեն մեծ օրհնությունների, եթե պարզապես հետևենք Սուրբ Հոգու առաջնորդությանը: Հոգևոր հասունության մաս է կազմում Նրան հետևել սովորելը:

Աստվածաշունչը երբեմն վկայակոչում է մեզ՝ որպես «Աստծո զավակների», երբեմն էլ՝ «Աստծո որդիների»: Կա տարբերություն զավակների կամ երեխաների և հասուն որդիների ու դուստրերի միջև: Չնայած բոլորն էլ հավասարապես սիրված են, բայց հասուն որդիներն ու դուստրերը վայելում են այն ազատությունն ու արտոնությունները և ունեն այն պարտականությունները, որ երեխաները դեռևս չունեն՝ բավականաչափ հասուն չլինելու պատճառով:

Մենք մտնում ենք Աստծո արքայություն՝ որպես մանուկներ, ապա որոշ ժամանակով համարվում ենք երեխաներ, այնուհետև սովորում ենք ինչպես վարվել՝ որպես Աստծո որդիներ և դուստրեր և Քրիստոսի հետ ժառանգակիցներ: Աստված ուզում է հրաշալի բաներ անել մեզ համար, բայց մենք պետք է աճենք Նրանում, որպեսզի ընդունենք դրանք: Քաջալերում եմ քեզ անել ամեն հնարավոր բան հոգևոր հասունության ձգտելու համար: Այսօրվանից խնդրի՛ր Նրան օգնել քեզ այդ գործընթացում:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. պատրաստակա՛մ եղիր աճելու և հասունանալու Աստծո մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon