
«Փորձի՛ր ինձ, ո՛վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածմունքները»: —Սաղմոս 139.23
Տարիներ առաջ, երբ մենք ֆինանսական պայքարի մեջ էինք, եկավ մի պահ, որ ես հոգնեցի ճեղքման համար հավատալուց ու կոտրվեցի Տիրոջ առաջ: Որոշ ժամանակ ես լաց եղա, ապա Աստծո շնորհքով որոշում կայացրի ու հռչակեցի. «Աստվա՛ծ, ես պատրաստվում եմ տասանորդ տալ և զոհաբերություններ անել մինչև իմ մահվան օրը, անկախ այն բանից՝ ես տեսնում եմ որևէ արդյունք, թե ոչ»:
Ես ի սրտե հավատում եմ, որ դա քննություն էր ինձ համար՝ տեսնելու, թե ինչու էի ես իրականում տալիս: Տերն ուզում էր հայտնել, թե արդյոք ես ունեի ճիշտ, աստվածային շարժառիթներ: Եթե պարզապես «տալիս էի ստանալու համար», նշանակում էր՝ այդքան ժամանակ եսասիրաբար տվել էի՝ Աստծուց ինչ-որ բան ստանալու համար:
Շատ ուսմունքներ ու քարոզներ կան, որոնք ասում են. «Արա՛ սա և կստանաս սա»: Բայց ի՞նչ կասեք մաքուր սրտի մասին, որն ասում է. «Ես ուզում եմ ճիշտ բան անել, որովհետև դա ճիշտ է և փառավորում է Աստծուն»:
Ես հորդորում եմ քեզ այսօր ազնվորեն քննել քո շարժառիթները և համոզված լինել, որ դրանք եսակենտրոն չեն: Ամբողջ սրտով նվիրվի՛ր ծառայելու Աստծուն ճիշտ նպատակներով:
Աղոթքի սկիզբ
Սո՛ւրբ Հոգի, քննի՛ր իմ սիրտը և բացահայտի՛ր այսօր իմ իսկական շարժառիթներն ու մտադրությունները: Եթե որևէ բնագավառում ոչ աստվածային շարժառիթներ կան, մատնացույց արա դրանք և օգնի՛ր ինձ փոխվելու: