Աստված այնքան է սիրում մեզ, որ փոխում է

Աստված այնքան է սիրում մեզ, որ փոխում է

«Եվ ո՞վ է Նրա Գալու օրը տանողը, և ո՞վ է Նրա երևալու ժամանակին կանգնողը, որովհետև Նա հալեցնողի կրակի պես է և թափիչների օճառի պես» (ՄԱՂԱՔԻԱ 3.2):

Աստված օգտագործում է Իր հալեցնող կրակը, որպեսզի փոխի մեզ և դարձնի այնպիսին, ինչպիսին ցանկանում է, որ լինենք: Ես հասկանում եմ, որ հեշտ չէ փոխվել: Երեսուն տարուց ավելի է՝ ուսումնասիրում եմ Աստծո Խոսքը, և դեռ ստիպված եմ աշխատել շատ բաների վրա ու թույլ տալ, որ Աստված փոխի ինձ: Ես դեռևս այնտեղ չեմ, որտեղ պետք է լինեմ, բայց շնորհակալ եմ Աստծուց, որ այնտեղ չեմ, որտեղ նախկինում էի:

Երբ Աստծո մաքրող կրակը գալիս է և հայտնում այն վարքագիծը, որ պիտի փոխվի մեր կյանքում, իսկ մենք համառում ենք կամ չենք կամենում ապաշխարել, ապա սերը նույնպես համառ է դառնում: Թո՛ւյլ տուր բացատրել: Մենք գիտենք, որ Աստված սեր է, և Նա նախանձոտ Աստված է: Նա չի ցանկանում, որ մեր կյանքում որևէ բան զբաղեցնի այն տեղը, որ պատկանում է Իրեն: Եվ սերը՝ Աստված Ինքը, մեր հանդեպ այնքան նախանձոտ ու համառ է դառնում, մինչև հասնում է Իր ուզածին: Սերը (Աստված) ցույց կտա մեզ այն, ինչ չենք ցանկանում տեսնել, որպեսզի օգնի մեզ լինելու այն, ինչ պետք է լինենք:

Կրակը լափում է ամեն անմաքրություն և թողնում այն, ինչը բոցավառ է մնում Աստծո փառքի համար: Տարիների ընթացքում Ջոյս Մայերից շատ բան է այրվել Աստծո մաքրող կրակում: Անտարակույս, դա հեշտ չի եղել, բայց, միանշանակ, արժեր:

Աստծո մաքրող կրակը կարող է մոտենալ քեզ տարբեր ճանապարհներով: Սրտումդ կարող ես ունենալ անհանգստացնող զգացում՝ դադարեցնելու այն, ինչ անում ես, և սկսելու բոլորովին այլ բան, դու կարող ես հանդիմանություն զգալ, երբ Նա խոսի քեզ հետ Իր Խոսքի միջոցով, կամ կարող ես հոգումդ անմիջապես լսել Նրա ձայնը: Աստված ամեն միջոց կօգտագործի՝ Իր մաքրող կրակը քո կյանքի մեջ բերելու համար: Երբ այն գա, մի՛ ընդդիմացիր, այլ վստահի՛ր Աստծուն և թո՛ւյլ տուր, որ կրակն իր գործն անի:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված օրեցօր փոխում է քեզ, և այսօր դու ավելի լավն ես, քան երեկ էիր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon