«Եվ Նա նստելու է իբրև արծաթ հալեցնող և մաքրող, և մաքրելու է Ղևիի որդիներին և զտելու է նրանց ոսկու և արծաթի պես…» (ՄԱՂԱՔԻԱ 3.3):
Ետ նայելով կյանքի տարիներին՝ տեսնում եմ, որ Աստծո հետ զարմանահրաշ ճանապարհ եմ անցել: Նա միանշանակ փոխել է ինձ և շարունակում է փոխել: Երբ ընդունեցի Սուրբ Հոգու լեցունությունը, բազմաթիվ խնդիրներ ունեի շնչի (մտքի, կամքի և զգացմունքների) ոլորտում և շրջապատված էի անբարենպաստ հանգամանքներով: Ես գրեթե չէի գիտակցում, թե ինչ էր տեղի ունենալու իմ կյանքում: Աստծուց փոփոխություն էի խնդրում, բայց բոլորովին անտեղյակ էի, որ ե՛ս պետք է փոխվեի:
Աստված իմ ներսում սկսեց մի գործընթաց՝ դանդաղ, հաստատուն և միշտ այնպիսի արագությամբ, որին կարող էի դիմանալ: Որպես Հալեցնող՝ Նա հսկում է մեր կյանքում վառվող կրակը՝ հետևելով, որ այն երբեք չափից շատ չբորբոքվի և երբեք չմարի: Նա հանգցնում է կրակը միայն այն ժամանակ, երբ նայում է մեզ և տեսնում Իր արտացոլանքը: Բայց դրանից հետո էլ ժամանակ առ ժամանակ ձևափոխման կարիք ենք ունենում:
Երբ Աստված աշխատում էր ինձ հետ՝ համբերատարություն ձևավորելու ուղղությամբ, ես բախվում էի շատ հանգամանքների, որոնցում կարող էի կա՛մ համբերատար լինել, կա՛մ վատ պահվածք դրսևորել: Բավականին հաճախ դրսևորում էի վատ պահվածք, բայց Սուրբ Հոգին շարունակում էր հանդիմանել, սովորեցնել և տալ ցանկություն՝ ապրելու Աստծո փառքի համար: Աստիճանաբար ես սկսեցի փոխվել՝ սկզբում մի բնագավառում, ապա՝ մյուսում: Սովորաբար այդ «մարտերի» միջև կարողանում էի մի փոքր հանգստանալ և հաճախ մտածում էի, որ ի վերջո ավարտեցի ուսումս, բայց հետո բացահայտում էի, որ դեռ սովորելու կարիք կա:
Ահա, թե ինչպես է Սուրբ Հոգին փոխում մեզ: Սիրտդ բա՛ց պահիր Նրա առաջնորդությանը, ականջներդ բա՛ց պահիր Նրա ձայնին, հնազանդվի՛ր Նրա ասածներին և շուտով կհայտնաբերես, որ ավելի ու ավելի ես փոխվում՝ դառնալով այն անձնավորությունը, որ Նա ստեղծել է քեզ լինելու:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մի՛ հուսահատվիր, երբ Աստված ցույց է տալիս այն ոլորտները, որոնք պետք է փոխվեն: