
«Բայց Նա, որ սերմ ցանողին սերմ է պարգևում, և հաց՝ կերակուրի համար, նա կապահովի և կշատացնի ձեր սերմունքը և կաճեցնի ձեր արդարության պտուղը (որը դրսևորվում է մշտական բարության, քաղցրության և բարեգործության մեջ)»: —Բ Կորնթացիների 9.10, AMP
Աստծո ֆինանսական համակարգը նման չէ աշխարհի համակարգին: Եվ ինչ էլ կատարվի մեր շուրջը, հարկ չկա, որ վախենանք, որովհետև Աստված սիրում է մեզ:
Թեև աշխարհի ֆինանսական համակարգերը հաճախ անկայուն են, Աստծո սերը երբեք չի փոխվում ու շարունակում է մնալ մեր կյանքի ամուր հիմքը: Մենք կարող ենք վստահ լինել, որ ինչ էլ պատահի, Աստված ցանկանում է օգնել մեզ ու Նա չի զլանա լրացնելու թեկուզ մեր ամենօրյա հասարակ կարիքները:
Բ Կորնթացիների 9.10-րդ խոսքն ընդգծում է, որ Աստված կբավարարի մեր կարիքները և կտա մեզ հաց՝ կերակուրի համար:
Աստված է, որ լրացնում է մեր կարիքները: Մեր աշխատանքը մեր աղբյուրը չէ. Աստված է մեր աղբյուրը: Ուստի երբ աշխատանքներն ու ներդրումներն անհետանում են, հարկ չկա, որ մենք անհույս զգանք, որովհետև Աստված սահմանափակ չէ: Նա կարող է ապահովել մեզ այլ միջոցներով, այնպիսի եղանակներով, որ մենք նույնիսկ չենք պատկերացրել կամ նախապես չենք մտածել:
Մատթեոսի 6.26-ը վերահաստատում է, որ եթե Աստված հոգ է տանում թռչունների մասին, մենք կարող ենք հավատալ, որ Նա մեզ նույնպես կապահովի ամեն անհրաժեշտ բանով: Դու հավատո՞ւմ ես, որ Աստված կարող է հոգ տանել քեզ համար:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, շնորհակալություն հավատարիմ, վստահելի աղբյուր լինելու և ինձ անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար: Ինչ էլ լինի, ես ապավինում եմ Քեզ ու միայն Քեզ՝ իմ կարիքները հոգալու համար: