
«Ամեն անձ թող հնազանդվի բարձր իշխանություններին, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չէ, և ներկա իշխանություններն Աստծուց են կարգված» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 13.1):
Իշխանության հանդեպ պատվի և հնազանդության վերաբերմունքը պետք է դրսևորվի մեր առօրյայում, որովհետև Աստված կարգում է իշխանություններին՝ մեզ ապահովության մեջ պահելու և մեր ուրախությունը խթանելու համար: Նա տալիս է և՛ հոգևոր, և՛ երկրային իշխանություն ու պահանջում հնազանդվել երկուսին միաժամանակ: Մենք պետք է հարգանքով վերաբերվենք նույնիսկ այն ցուցանակներին, որոնք դրված են իշխանության կողմից: Եթե տեսնում ես «Չկայանե՛լ» ցուցանակը, ուրեմն մեքենադ մի՛ կայանիր այդտեղ: Եթե կայանատեղիում միակ ազատ տեղը հաշմանդամների համար նախատեսված մասն է, ապա մի՛ կայանիր այնտեղ, եթե հաշմանդամ չես, նույնիսկ երբ ստիպված լինես երկար ճանապարհ ոտքով գնալ: Եթե վառվում է կարմիր լույսը, ապա կանգնի՛ր: Մի՛ անցիր փողոցը ցանկացած տեղով զուտ այն պատճառով, որ շտապում ես: Եթե մայրուղու վրա տեսնում ես «Անանցանելի գոտի» ցուցանակը, ապա մի՛ գնա այդ ճանապարհով:
Գուցե մտածում ես. «Այդ ամենը մանրուք է և չի կարող որևէ նշանակություն ունենալ: Ես ունեմ ավելի մեծ խնդիրներ, որոնք պետք է լուծել»: Մեր մեծ խնդիրները կմնան չլուծված, մինչև չհասկանանք, որ իշխանությանը հարգելու կամ չհարգելու մեր թվացյալ փոքր, ամենօրյա ընտրությունները հսկայական ազդեցություն ունեն մեր կյանքի վրա:
Նկարագրված վարքագծերն արտացոլում են իշխանության հանդեպ մեր վերաբերմունքը, և անհարգալից վերաբերմունքը խանգարում է Աստծո ձայնը լսելու մեր կարողությանը, որովհետև Աստված Ինքն է մեզ վրա կարգում իշխանություններ և ուզում է, որ պատվենք: Մենք պատվում ենք Նրան, երբ պատվում ենք մեզ շրջապատող իշխանությանը:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ուշադի՛ր եղիր, որ հնազանդվես Աստծուն փոքր բաներում, որոնք մեծ ազդեցություն կունենան քո կյանքում: