«Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի Նա, թե՝ ինչ որ Նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ»: Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 5.14
Աղոթքում արտացոլվում է մեր մտերմությունն Աստծո հետ և մեր վստահությունը Նրա հանդեպ: Եթե աղոթում ենք ամեն ինչի համար՝ անհանգստանալու և ինքներս ինչ-որ բան փորձելու փոխարեն, մեր վերաբերմունքով և գործողություններով ասում ենք. «Տե՛ր, ես վստահում եմ Քեզ այս իրավիճակում»:
Կարծում եմ, որ շատերս աղոթում ենք, այնուհետև մտածում, թե արդյո՞ք Աստված լսեց մեզ: Մենք մտածում ենք՝ արդյո՞ք ճիշտ կամ բավականաչափ երկար աղոթեցինք, արդյո՞ք ճիշտ արտահայտություններ օգտագործեցինք կամ բավականաչափ սուրբգրային խոսքեր մեջբերեցինք: Մենք չենք կարող աղոթել պատշաճ կերպով, եթե ունենք կասկած և անհավատություն. աղոթքը պահանջում է հավատք:
Աստված քաջալերում է ինձ՝ հասկացնելով, որ հասարակ, հավատքով լի աղոթքներն են, որ գործն ավարտին են հասցնում: Հարկ չկա, որ ես շարունակ կրկնեմ նույն բաները: Կարիք չկա, որ ես տպավորիչ խոսքեր օգտագործեմ: Ես կարող եմ լինել այն, ինչ կամ, և իմանալ, որ Նա լսում և պատասխանում է ինձ:
Քաջալերում եմ, որ պարզապես ներկայացնեք ձեր խնդրանքը և հավատաք, որ Աստված լսել է ձեզ և ճիշտ ժամանակին կպատասխանի: Ունեցե՛ք վստահություն, երբ աղոթում եք: Իմացե՛ք, որ Աստված լսում է ձեզ և հաճույք է ստանում անկեղծ սրտից բխող պարզ, մանկական աղոթքներից: