«Այն ժամանակ խոսեցին Տիրոջից վախեցողներն իրար հետ, և Տերը ականջ դրեց ու լսեց, և հիշատակի գիրք գրվեց Նրա առջև Տիրոջից վախեցողների համար և Նրա անունը պատվական համարողների համար» (ՄԱՂԱՔԻԱ 3.16):
Այսօրվա խոսքում ասվում է, որ Աստծուն դուր է գալիս, երբ մենք խոսում ենք այն մասին, թե որքան բարի է Նա: Երբ Նա լսում է այդ խոսակցությունները, հանում է Իր հիշատակի գիրքը և գրի առնում դրանք: Նա չի գրառում մեր տրտունջը, նվնվոցը կամ դժգոհությունը, այլ գրի է առնում փառաբանության այն խոսքերը, որոնք հնչում են մեր շուրթերից:
Մտածի՛ր՝ ինչպես կզգայիր, երբ պատահմամբ լսեիր, թե ինչպես են քո երեխաներն ասում. «Մեր մայրիկը հրաշալի՜ է: Նա աշխարհի ամենալա՛վ մայրիկն է: Մենք ունենք ամենասքանչելի՜ մայրիկն ու հայրիկը: Նրանք լավագո՛ւյն ծնողներն են»: Համոզված եմ, որ եթե այսպիսի խոսակցության վկա լինեիր, ապա անհամբեր կսպասեիր, որ օրհնեիր նրանց:
Բայց, մյուս կողմից, ի՞նչ զգացողություն կունենայիր, եթե մտնեիր սենյակ ու լսեիր, որ քո երեխաներն ասում են. «Ես այնքա՜ն եմ հոգնել մայրիկից ու հայրիկից: Նրանք երբեք ոչինչ չեն անում մեզ համար: Նրանք դրել են այս բոլոր կանոնները: Նրանք չեն ուզում, որ մենք զվարճանանք: Մայրիկը միշտ խոսում է մեզ վրա և ստիպում կատարել մեր տնային աշխատանքները: Եթե մեր ծնողներն իսկապես սիրեին մեզ, ապա կտային այն, ինչ ցանկանում ենք, այլ ոչ թե այն, ինչ, իրենց կարծիքով, լավագույնն է»:
Մեր կյանքն Աստծո հետ չի տարբերվում իմ նկարագրած այս երկու տեսարաններից: Մենք Աստծո զավակներն ենք: Նա լսում է այն, ինչ ասում ենք, և գիտի, թե ինչ կա մեր սրտում, երբ նույնիսկ ոչինչ չենք ասում: Ինչի՞ մասին է Նա ուզում, որ խոսենք: Այն մասին, թե որքա՜ն հրաշալի է Նա, որքա՜ն փառահեղ է Նա, ի՜նչ հրաշալի բաներ է Նա արել, կարող է անել և կանի: Սրտանց և լավ բաներ խոսի՛ր Աստծո մասին, ու դու կստեղծես մթնոլորտ, որտեղ Աստված կխոսի քեզ հետ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ասա՛ բաներ, որոնց համար ուրախ կլինես, երբ Աստված պատահմամբ լսի քեզ: