Աստված խոսում է հանկարծակի

«Դու իմ սուգը ցնծության փոխեցիր. իմ քուրձը հանեցիր ինձնից և ուրախություն հագցրիր ինձ» (ՍԱՂՄՈՍ 30.11):

1976 թվականի փետրվար ամիսն էր՝ ուրբաթ առավոտ. ես կոտրված էի և հուսահատ: Փորձում էի անել այն, ինչ լսել էի եկեղեցում, և այն, ինչ, կարծում էի, որ Աստված պահանջում էր ինձնից, բայց ոչինչ կարծես չէր փոխվում: Ես հուսալքված էի: Գիտեի, որ իմ կյանքում փոփոխություն էր անհրաժեշտ, բայց վստահ չէի, թե ինչ փոփոխություն էր դա: Գիտեի, որ փնտրում էի, բայց համոզված չէի, թե ինչ էի փնտրում:

Այդ առավոտ աղաղակեցի Աստծուն, որ այլևս չեմ կարող այդպես շարունակել: Հիշում եմ այս խոսքերը, որ Նրան ասացի. «Աստվա՛ծ, ինչ-որ բան պակասում է: Ես չգիտեմ, թե ինչ է դա, բայց ինչ-որ բան պակասում է»:

Ի զարման ինձ՝ Նա խոսեց ինձ հետ այնպես, որ պարզ լսեցի Նրա ձայնը: Նա տվեց իմ անունը և խոսեց ինձ հետ համբերության մասին: Այդ պահից սկսած ես գիտեի, որ Նա ինչ-որ բան էր անելու իմ իրավիճակի վերաբերյալ: Նույն օրը՝ ավելի ուշ, երբ մեքենայի մեջ էի, Հիսուսը լցրեց ինձ Սուրբ Հոգու այնպիսի ներկայությամբ, ինչպիսին երբեք չէի վերապրել: Այդ զգացողությունը կարելի է լավագույնս նկարագրել այսպես. ինչ-որ մեկը կարծես հեղուկ սիրով էր ողողել ինձ: Ես անմիջապես զգացի, որ տոգորվում էի խաղաղությամբ, ուրախությամբ և սիրով: Ինձ շրջապատողները նկատեցին դրական փոփոխություններ իմ վարքագծում, երբ սկսեցի սիրել նրանց այնպես, ինչպես երբեք չէի սիրել:

Այդ առավոտ արթնացա այնպիսի զգացողությամբ, կարծես հայտնվել էի անելանելի իրավիճակում: Բայց այդ գիշեր պառկեցի քնելու՝ իմանալով, որ իմ կյանքում նոր սկիզբ է դրվել: Աստված հաճախ այսպես է գործում. Նա խոսում և շարժվում է հանկարծակի: Մի՛ հոգնիր Նրան սպասելուց, որովհետև գուցե այսօր հանկարծակի բաներ կատարվեն քո կյանքում:


Աստծո խոսքը քեզ համար այսօր. հնարավոր է՝ այսօր հանկարծակի բաներ կատարվեն քո կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon