«Բայց երբոր Նա՝ ճշմարտության (Ճշմարտություն տվող) Հոգին կգա, Նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մէջ»: — Հովհաննես 16.13
Սա բավականին հիմնարար կետ է հնչում, սակայն ես հավատում եմ, որ շատերը դեռևս կասկածում են, որ Աստված իսկապես խոսում է մարդկանց հետ: Երբևէ մտածե՞լ ես այս մասին: Հարցրե՞լ ես ինքդ քեզ, թե Աստված երբևէ կխոսի քեզ հետ: Դու երջանիկ կլինես՝ իմանալով, որ պատասխանն այո է:
Մոտենալով Իր երկրային կյանքի ավարտին՝ Հիսուսն Իր աշակերտներին ասաց. «Տակավին շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել: Բայց երբոր Նա՝ ճշմարտության (Ճշմարտությունը տվող) Հոգին կգա, նա կառաջնորդի ձեզ ամեն (ամբողջ) ճշմարտության մէջ» (Հովհաննես 16.12-13):
Հիսուսն այս խոսքերն ասաց այն մարդկանց, ում հետ անցկացրել էր վերջին երեք տարիները…մինչդեռ Նա դեռևս ավելին ուներ նրանց ասելու: Սա զարմանալի է, որովհետև ես մտածում եմ, որ եթե Հիսուսն անձամբ ինձ հետ լիներ երեք տարի՝ գիշեր ու ցերեկ, ես կիմանայի ամեն բան, ինչ պետք էր իմանալ:
Բայց Հիսուսը միշտ ավելին ունի ասելու, որովհետև մենք կյանքում միշտ բախվելու ենք նոր իրավիճակների, որոնց միջով Նա կցանկանա անցկացնել մեզ: Այդ է պատճառը, որ մեզ տրվել է Սուրբ Հոգի, որպեսզի մենք կարողանանք լսել Աստծուն, թեև Նա ֆիզիկապես մեր դիմաց կանգնած չէ:
Քրիստոսի միջոցով և Սուրբ Հոգու զորությամբ Աստված ցանկանում է ամեն օր դեմառդեմ խոսել քեզ հետ: Նա ցանկանում է քայլ առ քայլ առաջնորդել քեզ դեպի այն լավ բաները, որոնք Նա պահել է քեզ համար:
Հայրը կտա Իր Հոգու պարգևը բոլորին, ովքեր կխնդրեն Իրեն (տե՛ս Ղուկաս 11.13): Ես ուզում եմ կրկին ընդգծված կերպով ասել, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է լսել Աստծուց և առաջնորդվել Սուրբ Հոգով ամեն օր: Լսո՞ւմ ես:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես խնդրում եմ, որ առաջնորդվեմ Սուրբ Հոգով: Ես հավատում եմ, որ Դու խոսում ես ինձ հետ և ուզում եմ իմանալ, թե ինչ ունես ինձ ասելու: