
«Եկե՛ք երկրպագություն անենք և երեսի վրա ընկնենք. ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առջև [երկյուղած փառաբանությամբ և աղաչանքով]» (ՍԱՂՄՈՍ 95.6):
Ես հավատում եմ, որ երկրպագությունը ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որտեղ Աստված կարող է խոսել մեզ հետ: Դժվար է սահմանել, թե ինչ է երկրպագությունը: Երկրպագությունն ավելի շատ այն մասին է, թե Ով է Աստված, քան այն մասին, թե ինչ է Նա անում մեզ համար: Ճշմարիտ երկրպագությունը բխում է հոգու խորքից, այն թանկ է և սքանչելի: Երկրպագության միջոցով մենք փորձում ենք արտահայտել մեր զգացմունքներն Աստծո հանդեպ: Այն մեր սրտի արձագանքն է դեպի Տերը, Նրա հանդեպ մեր սիրո, երախտագիտության և նվիրվածության արտահայտությունը, որը դժվար է ձևակերպել բառերով: Մարդկային լեզուն բավականաչափ հարուստ չէ, որ նկարագրի ճշմարիտ երկրպագությունը: Ըստ էության, երկրպագությունն այնքան անձնական է և այնքան խորը, որ գուցե նույնիսկ հարկ չկա փորձելու տալ նրա սահմանումը:
Երկրպագությունն ավելին է, քան երգեր երգելը: Իրականում, ճշմարիտ երկրպագությունը, նախևառաջ, սրտի և մտքի վիճակ է: Մենք կարող ենք ջերմեռանդորեն երկրպագել Աստծուն՝ առանց որևէ նոտա երգելու: Երկրպագությունը ծնվում է մեր սրտում, այն լցնում է մեր միտքը, ապա արտահայտվում մեր շուրթերի և մարմնի միջոցով: Եթե մեր սիրտը լցված է Աստծո հանդեպ երկյուղածությամբ, մենք կցանկանանք երկրպագել Նրան՝ երգելով, պարելով, ծափ տալով կամ ձեռքերը բարձրացնելով: Կարող ենք նաև ակնածանքով լռել և հանդարտ մնալ Աստծո առջև: Հնարավոր է նաև՝ ցանկություն ունենանք զոհաբերություն կատարելու կամ այլ կերպ արտահայտելու մեր սերն Աստծո հանդեպ: Սակայն այս գործողություններն անիմաստ են Աստծո համար և ընդամենը ձևականություն են, եթե չեն կատարվում ճիշտ սրտով:
Քաջալերում եմ քեզ այսօր անկեղծորեն երկրպագել Աստծուն: Արա՛ դա՝ սիրուց մղված, ու մի՛ զարմացիր, եթե Աստված խոսի քեզ հետ, մինչ դու երկրպագում ես Նրան:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երկրպագի՛ր Աստծուն՝ անկեղծորեն երախտապարտ լինելով Նրա Ով լինելու համար: