«Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դանկի է ծախվում, և նրանցից մեկը չի ընկնի գետնին առանց ձեր Հոր։ Իսկ ձեր գլխի բոլոր մազերն էլ համարված են։ Ուրեմն մի՛ վախեցեք. դուք շատ ճնճղուկներից ավելի լավն եք» (ՄԱՏԹԵՈՍ 10.29-31):
Սուրբ Հոգու զորության միջոցով Աստված ցանկանում է խոսել քեզ հետ ամեն օր: Նա ցանկանում է քայլ առ քայլ առաջնորդելով հանել քեզ նեղությունից և մտցնել այն բարի ծրագրերի մեջ, որ նախատեսել է քեզ համար: Աստված հոգ է տանում քո կյանքի ամենաաննշան մանրուքների համար: Այսօրվա սուրբգրային խոսքերի համաձայն՝ Նա նույնիսկ գիտի, թե որքան մազ կա քո գլխին: Նա հոգ է տանում քո սրտի ցանկությունների համար և կամենում է հայտնել այն ճշմարտությունը, որը կազատի քեզ անհանգստությունից ու վախից:
Աստծո՝ քեզ հետ մտերիմ փոխհարաբերություն ունենալու ծրագիրը գոյություն է ունեցել նախքան քո ծնվելը: Դրա մասին գրված է Սաղմոս 139.16-ում. «Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. Քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ որ նրանցից մեկը դեռ չկար»: Աստված գիտի մեր բոլոր օրերը և ծրագիր ունի յուրաքանչյուր օրվա համար: Եթե Նրան հարցնենք, թե ինչ պետք է անենք յուրաքանչյուր օր, ու հավատանք, որ Նա առաջնորդում է մեզ, ապա իրականություն կդարձնենք այն ծրագիրը, որ Նա ունի մեր կյանքի համար:
Այն, որ Աստված կարող է ունենալ ծրագիր երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդու համար, անըմբռնելի է թվում, բայց միաժամանակ մեր սիրտը լցվում է մեծ ուրախությամբ, երբ գիտակցում ենք, որ Նա կարող է քաոսը վերածել նշանակալից և արժեքավոր բանի. ժամանա՛կ հատկացրու և ճանաչի՛ր Աստծուն, որովհետև Նրա ծրագիրը բացահայտվում է Նրա հետ մտերիմ փոխհարաբերություն ունենալու միջոցով:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. հիշի՛ր, եթե Աստված հետևում է ճնճղուկներին, ապա Նա անկասկած վերահսկում է այն ամենը, ինչ այսօր կատարվում է քո կյանքում: