«Եվ հիմա, եթե իրավ Իմ ձայնին լսեք և Իմ ուխտը պահեք, այն ժամանակ դուք Ինձ համար սեփական ժողովուրդ կլինեք բոլոր ազգերից, որովհետև Իմն է ամբողջ երկիրը»: ԵԼԻՑ 19.5
Աստծո շնորհքն ու զորությունը հասանելի են մեզ: Աստված մեզ զորացնում է կամ տալիս է Սուրբ Հոգու օծությունը՝ անելու այն, ինչ Նա ասում է մեզ անել: Երբեմն Նա մղում է մեզ գնալու այլ ուղղությամբ, բայց մենք շարունակում ենք հետևել մեր սկզբնական ծրագրին: Եթե մենք անում ենք որևէ բան, որ Աստված չի հաստատել, Նա պարտավորված չէ տալ մեզ ուժ՝ դա անելու համար: Մենք գործում ենք ավելի շուտ սեփական ուժերով, քան Սուրբ Հոգու առաջնորդությամբ: Այնուհետև այնպես ենք հուսախաբվում, լարվում կամ ուժասպառ լինում, որ կորցնում ենք ինքնատիրապետումը՝ պարզապես անտեսելով Հոգու մղումները:
Շատերը լարվում և ուժասպառ են լինում՝ ընթանալով իրենց, ոչ թե Աստծո ճանապարհով: Վերջում նրանք հայտնվում են լարված իրավիճակներում, քանի որ շարժվում են մի ուղղությամբ, որը տարբերվում է Աստծո մատնանշած ուղղությունից: Այնուհետև նրանք ուժասպառ են լինում անհնազանդության մեջ և պայքարում են ավարտին հասցնելու այն, ինչը սկսել են առանց Աստծո ուղղորդման, միաժամանակ աղաչելով, որ Աստված օրհնի իրենց:
Բարեբախտաբար, Աստված ողորմած է և օգնում է մեզ մեր սխալների մեջ: Բայց Նա չի պատրաստվում տալ մեզ ուժ և կորով՝ Իրեն անհնազանդ լինելու համար: Մենք կարող ենք խուսափել բազմաթիվ լարված իրավիճակներից՝ պարզապես ամեն ժամանակ հնազանդվելով Սուրբ Հոգու մղումներին: