«Թախանձագին ցանկացե՛ք և նախանձավոր եղե՛ք մեծագույն և լավագույն պարգևներին ու շնորհքներին… և Ես ավելի գերազանց ճանապարհ ցույց կտամ ձեզ [այն, ինչը գերազանցում է այդ ամենին՝ սերը]» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 12.31):
Կորնթացիների Առաջին թղթի 13-րդ գլխում, որն անմիջապես հաջորդում է այսօրվա խոսքին, հստակ ասվում է, որ անկախ նրանից, թե Սուրբ Հոգու պարգևներից քանիսն են մեր միջոցով գործում, դրանք բացարձակապես անօգուտ են, եթե չենք քայլում սիրո մեջ: Համաձայն այսօրվա խոսքի՝ սերն ավելի գերազանց ճանապարհ է և վեր է ամենից:
Եթե աղոթենք մարդկանց և հրեշտակների լեզուներով, ունենանք մարգարեական կարողություններ, հասկանանք խորհուրդներ և նույնիսկ ունենանք ամեն գիտությունը և այնպիսի հավատք, որ կարող է սարեր շարժել, բայց չունենանք սեր, ապա «ոչինչ» ենք (տե՛ս Ա Կորնթացիների 13.2):
Աստծո հետ քայլելու վաղ տարիներին ես շատ խոսակցություններ էի լսում Հոգու պարգևների մասին: Շատերը կենտրոնանում էին իրենց պարգևների և դրանք գործածելու վրա: Ցավոք, ավելի շատ լսում էի հոգևոր պարգևների մասին, քան սիրո կամ Հոգու որևէ այլ պտղի մասին:
Կորնթացիների Առաջին թղթի 12-րդ գլխում խոսվում է Հոգու ինը պարգևների մասին, ևս մի քանի պարգև թվարկված է Հռոմեացիների 12-րդ գլխում: Գաղատացիների 5-րդ գլխում թվարկված են Հոգու ինը պտուղները: Հոգու պարգևները չափազանց կարևոր են, և պետք է թախանձագին ցանկանանք դրանք: Մենք պետք է սովորենք դրանց մասին, իմանանք՝ ինչպես գործենք դրանցով և աշխատենք զարգացնել այն պարգևները, որ տրվել են մեզ: Սակայն, երբեք չպիտի կարևորենք պարգևները կամ դրանց դրսևորումն ավելի, քան սիրով գործելը:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված սիրում է քեզ և ուզում է, որ Իր սերը քո միջոցով հոսի դեպի ուրիշները: