«Բայց Նա մեզ ավելի ու ավելի շատ շնորհք է տալիս (Սուրբ Հոգու զորությունը՝ լիովին հակառակվելու վատ հակումներին): Դրա համար Նա ասում է. «Աստված ամբարտավաններին հակառակ է կանգնում, բայց (մշտապես) շնորհք է տալիս խոնարհներին (նրանց, ովքեր բավականաչափ խոնարհ են՝ ընդունելու այն)»: ՀԱԿՈԲՈՍ 4.6
Բոլորը ունեն վատ հակումներ, բայց Հակոբոսը սովորեցնում է, որ Աստված կտա մեզ ավելի ու ավելի շատ շնորհք՝ այդ հակումներին դիմակայելու համար:
Ես ապրում էի իմ քրիստոնեական կյանքը՝ փորձելով հաղթահարել սեփական սխալ շարժառիթներն ու մտադրությունները: Բայց բոլոր փորձերը միայն ու միայն հուսախաբություն էին բերում: Ես ստիպված եղա գալ խոնարհության վայր և սովորել, որ Աստված շնորհք է տալիս խոնարհներին, ոչ թե հպարտներին: Նա օգնություն է ուղարկում նրանց, ովքեր բավականաչափ խոնարհ են՝ այն խնդրելու համար:
Մենք ունենք մեր գաղափարներն այն մասին, թե ինչ կարող ենք իրականացնել, բայց հաճախ մեր մասին ավելի բարձր կարծիք ունենք, քան հարկն է: Մենք պետք է ունենանք խոնարհ վերաբերմունք՝ գիտենալով, որ առանց Աստծո ոչինչ չենք կարող անել:
Եթե ծրագրում եք շարժվել ձեր ճանապարհներով՝ փորձելով ինքնուրույն ինչ-որ բաներ իրականացնել, դուք հուսախաբվում եք: Հավանաբար ասել եք. «Ինչ էլ անում եմ, կարծես ոչինչ չի հաջողվում»: Ոչինչ երբևէ չի հաջողվի, մինչև չսովորեք վստահել Աստծո շնորհքին:
Հանգստացե՛ք: Թող Աստված լինի Աստված: Դադարե՛ք ինքներդ ձեզ հետ այդքան խիստ լինելուց: Փոփոխությունը գործընթաց է, որը քիչ-քիչ ձեզ մոտեցնում է Նրան: Դուք ճանապարհին եք, այնպես որ՝ վայելե՛ք ճանապարհորդությունը: