«Բայց այս ամեն բաներում առավել ևս հաղթում ենք Նրա միջոցով, որ մեզ սիրեց»: —Հռոմեացիների 8.37
Աստված մեզ երազանքներ է տալիս ապագայի համար, սակայն երբեմն այդ երազանքները կարող են անհնարին թվալ: Այդ ժամանակ է՝ վախը ասպարեզ իջնում:
Եթե դու որոշել ես երբեք չհանձնվել քո երազանքի իրականացման ճանապարհին, այդ դեպքում պետք է ռիսկի դիմես. դու պետք է խիզախ լինես: Ու դու պետք է հասկանաս, որ խիզախությունը վախի բացակայությունը չէ. այն վախի զգացողության միջով համառորեն առաջ շարժվելն է: Ուստի, երբ բախվում ես այնպիսի իրավիճակների, որոնք սպառնում կամ վախեցնում են քեզ, աղոթի՛ր, որ Աստված Իր շնորհքով քեզ համարձակություն և խիզախություն տա, որպեսզի կարողանաս առաջ շարժվել՝ չնայած վախի զգացողությանը:
Վախի ոգին միշտ կփորձի քեզ ետ պահել առաջ գնալուց:
Թշնամին դարեր շարունակ օգտագործել է վախը՝ մարդկանց կանգնեցնելու համար, ու նա չի պատրաստվում այժմ փոխել իր ռազմավարությունը: Բայց դու կարող ես պարտության մատնել վախին, որովհետև դու ավելի քան հաղթող ես Քրիստոսով, ով սիրում է քեզ:
Ես ուզում եմ քաջալերել քեզ վճռականորեն դեմառդեմ կանգնել վախին, երբ այն դուրս է գալիս քո դեմ: Հաստատ կանգնի՛ր՝ վստահելով Աստծուն և իմանալով, որ Նա միշտ քեզ հետ է:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, թեև ես կարող եմ վախենալ, սակայն ես հավատում եմ Քո Խոսքին, որն ասում է, որ ես ավելի քան հաղթող եմ: Ես կարող եմ իրականացնել ամեն երազանք, որ Դու տվել ես ինձ, որովհետև Դու սիրում ես ինձ և հաղթանակ ես տալիս: