Արդյո՞ք գործում է քո հավատքը

Արդյո՞ք գործում է քո հավատքը

«Քանի որ Քրիստոս Հիսուսում ո՛չ թլփատությունն է մի բան կարող, և ո՛չ անթլփատությունը, այլ՝ հավատքը, որ սիրով գործում է» (ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 5.6):

Շատերը կարծում են, թե մեծ հավատքը հոգևոր հասունության առաջին նշանն է, բայց, կարծում եմ, հոգևոր հասունության ճշմարիտ ցուցանիշը սիրո մեջ քայլելն է: Այն խթանում է մեր հավատքը: Մենք չենք կարող ունենալ լավ փոխհարաբերություն Աստծո հետ, եթե չունենանք հավատք, բայց սերը ցուցադրում, զորացնում և արտահայտում է մեր հավատքը: Եթե իսկապես սիրենք Աստծուն և հավատանք Նրան, կսիրենք նաև մարդկանց:

Այսօրվա խոսքը սովորեցնում է մեզ, որ հավատքը գործում է սիրո միջոցով, և սերը խոսք կամ տեսություն չէ. այն գործողություն է: Իրականում Աստվածաշունչն ասում է, որ եթե տեսնում ենք եղբորը կարիքի մեջ և չենք օգնում՝ ցուցաբերելով այն, ինչ անհրաժեշտ է, ուրեմն չենք քայլում սիրո մեջ (տե՛ս Ա Հովհաննես 3.17):

Հիսուսը նաև ասաց, որ ամբողջ օրենքը և մարգարեներն ամփոփված են սիրո մեջ. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ անձով և քո ամբողջ մտքով։ Սա է առաջին և մեծ պատվիրանը։ Երկրորդն էլ սրա նման. սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես։ Այս երկու պատվիրանից կախված է ամբողջ օրենքը և մարգարեները» (Մատթեոս 22.37-40): Հիսուսն այս խոսքերով պատասխանեց այն մարդկանց, ովքեր հարցնում էին, թե որ պատվիրանն է ամենակարևորը: Նրանք, ըստ էության, ասում էին. «Ասա՛ մեզ գլխավորը, Հիսո՛ւս»: Նա ասաց. «Շա՛տ լավ, ուզում եք իմանալ գլխավո՞րը: Ուզո՞ւմ եք լիովին հնազանդվել ամբողջ օրենքին և մարգարեներին: Ուրեմն, սիրե՛ք Ինձ և սիրե՛ք մարդկանց»: Այդքան պարզ: Հիսուսը մարդկանց հայտնեց, որ սիրո մեջ քայլելու դեպքում է միայն հնարավոր ապրել այն կյանքով, որը հաճո է Աստծուն: Առանց սիրո հավատքով քայլելը նման է առանց մարտկոցի լապտեր ունենալուն: Պետք է այնպես անենք, որ մեր սիրո մարտկոցը մշտապես լիցքավորված լինի: Այլապես մեր հավատքը չի գործի:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված սեր է, և որքան շատ ճանաչենք Նրան, այնքան շատ կսիրենք ուրիշներին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon