
«Եվ որ ժամանակ որ կանգնեք՝ աղոթք անեք, ներե՛ք և բա՛ց թողեք (թողե՛ք, մտքից հանե՛ք), եթե մեկի դեմ բան ունենաք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ Երկնքում է, ձեր հանցանքը և սխալը ների և բաց թողնի»: ՄԱՐԿՈՍ 11.25, AMP
«Բա՛ց թողեք, թողե՛ք և մտքից հանե՛ք». սա այն է, ինչ Աստվածաշունչն ասում է, որ անենք վիրավորանքի հետ (տե՛ս Մարկ. 11.25): Անմիջապես ներելը շատ կարևոր է: Որքան արագ դա անենք, այնքան ավելի հեշտ կլինի: Խորը արմատներ ունեցող մոլախոտն ավելի դժվար է հանել, քան այն մոլախոտը, որը հենց նոր է բուսնել:
Սերը ներում է. այն ոխ չի պահում: Այն չի լրբանում, հեշտությամբ չի վիրավորվում, չի գրգռվում կամ բարկանում (տե՛ս Ա Կորնթ. 13.5): Իմանալով սա՝ կարող ենք նայել մեր կյանքին և հեշտությամբ հասկանալ, թե արդյո՞ք քայլում ենք սիրո մեջ: Եթե ինչ-որ բան ունեք որևէ մեկի դեմ, հենց հիմա որոշե՛ք «բաց թողնել և մտքից հանել»:
Մենք ունենք շատ հնարավորություններ՝ ամեն օր վիրավորվելու, և ամեն անգամ պետք է ընտրություն կատարենք: Եթե ընտրենք ապրել մեր զգացմունքներով, շարունակ կվիրավորվենք և կվրդովվենք: Բայց եթե ընտրենք ապրել սիրո մեջ, կներենք մարդկանց, երբ նրանք վիրավորեն մեզ, և կվստահենք Աստծուն, որ Նա՛ պաշտպանի մեզ, այլ ոչ թե կմտածենք, թե ինքներս պետք է պաշտպանենք մեզ:
Աստված սեր է, և Նա ներում է ու մոռանում. «Որովհետև Ես պիտի ներեմ նրանց անօրենությունը և նրանց մեղքերն այլևս չպիտի հիշեմ» (Երեմիա 31.34): Եվ Նա ուրախությամբ է դա անում: Որքան մոտենում ենք Նրան, այնքան նմանվում ենք Նրան: Աստծո օգնությամբ մենք կարող ենք սովորել ապրել սիրո և ներման կյանքով: