«Որովհետև այնպես եմ դատում, որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատվելու այն գալու փառքի հետ, որ մեզանում պիտի հայտնվի»: —Հռոմեացիների 8.18
Որպես քրիստոնյաներ՝ մեզ դուր է գալիս Քրիստոսի փառքին բաժնեկցելու գաղափարը, իսկ ի՞նչ կասես Նրա չարչարանքին բաժնեկցելու մասին: Հիսուսի զոհը տալիս է մեզ հավիտենական կյանքի պարգև, ինչպես նաև առատության կյանք, քանի դեռ այս երկրի վրա ենք: Բայց Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է փորձության ժամանակներ վերապրենք, եթե բաժնեկից ենք լինելու Նրա փառքին: Արդյո՞ք արժե դա: Համաձայն Հռոմեացիների 8.18-ի՝ միանշանակ արժե:
Մենք հակված ենք մտածելու, որ մենք չարչարվում ենք մեր հանգամանքների պատճառով, ու եթե դրանք փոխվեն, կկարողանանք ճիշտ գործել: Բայց Աստված ուզում է, որ մենք այնքան հասուն և կայուն դառնանք, որ ճիշտ գործենք նույնիսկ այն ժամանակ, երբ մեր հանգամանքներն այդքան էլ բարենպաստ չեն: Կան հավատքի տարբեր մակարդակներ, ու մեծ մասամբ մենք ցանկանում ենք մեր հավատքն օգտագործել չարչարանքից ազատվելու համար: Բայց երբեմն Աստծո ծրագիրը մեզ համար այն է, որ գործադրենք հավատքի ավելի բարձր մակարդակ, որը կանցկացնի մեզ կյանքի մարտահրավերների միջով:
Շատ հաճախ մենք հիանում ենք Աստծո ազատագրող զորությամբ և աչքաթող անում Նրա պահպանող, զորացնող և կարողություն տվող զորությունը: Հիսուսը Հովհաննեսի 16.33-ում խոստացավ, որ կտա մեզ Իր խաղաղությունը կյանքի փորձությունների ժամանակ և Իր զորությունը, որն անհրաժեշտ է դրանք հաղթահարելու համար: Այսօր, եթե դու անցնում ես չարչարանքի միջով, ես քաջալերում եմ քեզ՝ չվհատվել, որովհետև Քրիստոսում դու կհաղթահարես այն և բաժնեկից կլինես Նրա փառքին, որը անպայման կհայտնվի:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, Հռոմեացիների 8.18-ն ասում է, որ իմ ներկա չարչարանքները ոչինչ են՝ համեմատած այն փառքի հետ, որ գալիս է Քեզ հետ քայլելուց: Ես ուզում եմ ունենալ այդ նույն վերաբերմունքը: Շնորհակալություն Քո խաղաղության և զորության համար, որոնց շնորհիվ ես կանցնեմ ցանկացած չարչարանքի միջով: