Բացի՛ր դուռը

Բացի՛ր դուռը

«Ահա Ես դռան առջև կանգնած եմ և թակում եմ. եթե մեկը լսի Իմ ձայնը և բացի դուռը, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա՝ Ինձ հետ» (ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 3.20):

Երբ բացեցի սրտիս դուռը՝ թույլ տալով, որ Սուրբ Հոգին լիարժեք ծառայի իմ կյանքում, Նա սկսեց խոսել ինձ հետ և կարգավորել կյանքիս յուրաքանչյուր բնագավառը. չկար որևէ բան, որում Նա ներգրավված չլիներ: Դա ինձ դուր էր գալիս, բայց ինչ-որ առումով նաև դուր չէր գալիս, կարծում եմ, գիտես՝ ինչ նկատի ունեմ:

Աստված ցույց էր տալիս, թե ինչպես էի խոսում մարդկանց հետ և նրանց մասին: Նա ասում էր, թե ինչպես էի ծախսում իմ գումարները, ինչպես էի հագնվում, ովքեր էին իմ ընկերները և ինչպես էի անցկացնում ազատ ժամանակս: Նա զրուցում էր ինձ հետ իմ մտքերի և վերաբերմունքի մասին: Ես հասկացա, որ Նա գիտեր իմ խորը գաղտնիքները, և ոչինչ ծածկված չէր Նրանից: Նա այլևս իմ կյանքի «կիրակնօրյա սենյակում» չէր, այլ գրավել էր ամբողջ տունը: Ես երբեք չգիտեի, թե երբ Նա կսկսեր խոսել իմ կյանքին վերաբերող այս կամ այն թեմայի շուրջ: Ինչպես ասացի, դա հիասքանչ էր, բայց նաև մարտահրավերային, որովհետև գիտեի, որ երբ Նա խոսում էր, նշանակում էր՝ իմ կյանքում շատ բաներ պիտի փոխվեին:

Բոլորս փոփոխություն ենք ուզում, բայց երբ այն գալիս է, կարող է վախեցնող թվալ: Հաճախ ուզում ենք, որ մեր կյանքը փոխվի, բայց՝ ոչ մեր ապրելակերպը: Գուցե մեզ դուր չի գալիս այն, ինչ ունենք կյանքում, բայց մտածում ենք՝ մի՞թե կարող է ավելի լավ այլընտրանք լինել: Մենք կարող ենք մտահոգվել կամ, նույնիսկ, վախենալ մեր կյանքի վերահսկողությունը կորցնելուց և թույլ տալուց, որ այն իր ձեռքը վերցնի Մեկը, Ում չենք տեսնում:

Լսել Աստծո ձայնը և հնազանդվել Նրան՝ նշանակում է ապրել ոչ թե մեր, այլ Նրա հաճույքի և փառքի համար: Գուցե լարվում ենք կամ անհանգստանում, երբ կյանքի բոլոր բնագավառների դռները բացում ենք Նրա առջև. սակայն, վստահեցնում եմ՝ արժե դա անել:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. հրավիրի՛ր Աստծուն քո կյանքի յուրաքանչյուր բնագավառ։

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon