«Հիսուսն արտասվեց» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 11.35):
Շատերը չունեն աստվածային հուզական ապրումներ, որովհետև անցյալում այնքան շատ ցավի են դիմացել, որ պարզապես «անջատել են» իրենց զգացմունքները: Մարդիկ տևական ժամանակ հրաժարվում են զգացմունքներ ունենալուց, որովհետև այն, ինչ կարող են հիշել զգացմունքների մասին, միայն ցավն է:
Ի վերջո, մենք պետք է լուծենք հուզական ցավի հարցը, որպեսզի թույլ տանք, որ աստվածային հույզերը կրկին հոսեն մեր կյանքի մեջ: Երբ սկսենք կրկին զգալ, մեր քարե սրտերը կփափկեն, բայց համբերություն և պատրաստակամություն են հարկավոր Աստծո օգնությամբ մեր զգացմունքները կրկին բորբոքելու համար:
Նշանակություն չունի, թե ինչն է քեզ ցավ պատճառել, կամ որքան սոսկալի է քո ցավը, մի՛ մնա խստասրտության կապանքների մեջ: Դա կբուժի միայն ախտանշանները, բայց ո՛չ ցավի արմատները: Դա քեզ չի պաշտպանի հետագա ցավից, այլ կխանգարի Աստծո ձայնը լսելու կարողությանը: Խստասրտությունն Աստծուց չէ. Նա մեզ ստեղծել է զգացմունքներով: Համաձայն այսօրվա խոսքի՝ նույնիսկ Հիսուսն արտասվեց:
Երբ թույլ տաս, որ քո ներսում զգացմունքներ առաջանան, դու խոցելի կլինես ցավի հանդեպ, բայց չի լինի այնպես, ինչպես նախկինում էր, որովհետև Հիսուս Բժիշկն ապրում է քո մեջ: Ամեն անգամ, երբ քեզ ցավեցնեն կամ վնաս պատճառեն, Նա կլինի քո կողքին և հոգ կտանի վերքերի համար:
Եթե «անջատել» ես քո հույզերը, խնդրում եմ, հասկացի՛ր, որ դու փոխզիջման ես գնացել Աստծո ձայնը լսելու քո կարողության հետ: Բացի՛ր սիրտդ Նրա առջև, խնդրի՛ր Նրան փափկեցնել սիրտդ և բժշկել քեզ, որպեսզի կարողանաս լսել Նրա ձայնը և մտերիմ հաղորդակցում վայելել Նրա հետ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. եթե կառուցում ես պատեր՝ մարդկանց քո կյանքից հեռու պահելու համար, ապա կապրես այդ պատերի ներսում՝ քո իսկ կառուցած բանտում: