«Երանելի (երջանիկ, հաջողակ և նախանձելի) է այն մարդը, որ միշտ ակնածալից և սրբազան երկյուղ ունի [Տիրոջ հանդեպ]. բայց իր սիրտը խստացնողը չարիքի մեջ կընկնի» (ԱՌԱԿԱՑ 28.14, AMP):
Աստված կարող է խոսել մեզ հետ ամենատարբեր ձևերով, բայց եթե խստացնենք մեր սրտերը և հրաժարվենք Նրա ասած խոսքին հնազանդվելուց, ապա բաց կթողնենք այն օրհնությունները, որ Նա ցանկանում է տալ մեզ: Ես հիշում եմ այն ժամանակը, երբ ամեն փոքրիկ բան, որ Աստված խնդրում էր ինձ անել, կամ ամեն բան, որ Նա չէր ցանկանում, որ անեի (իսկ ես շարունակում էի անել), վերածվում էր Աստծո և իմ միջև ըմբշամարտի մրցույթի: Օրեր, շաբաթներ, ամիսներ և երբեմն, նույնիսկ, տարիներ պահանջվեցին, մինչև ընդունեցի այն փաստը, որ Աստված չի պատրաստվում փոխել Իր միտքը և շարունակելու է ինձնից հնազանդություն պահանջել այս կամ այն հարցում:
Երբ, ի վերջո, տեղի տվի Աստծո ճանապարհներին, իրավիճակներն այնպիսի ընթացք ստացան, որ սկսեցի օրհնվել այնպես, ինչպես երբևէ չէի կարող պատկերացնել: Եթե ես հենց սկզբից անեի այն, ինչ Աստված խնդրել էր, որ անեի, ապա կկարողանայի խնայել ինձ բազմաթիվ խնդիրներից:
Շատերը համառ են և ուզում են գնալ իրենց ճանապարհներով, նույնիսկ եթե դրանք չեն գործում: Ինչևէ, մենք կարող ենք սովորել նրբազգաց լինել Աստծո հանդեպ և դառնալ զգայուն Նրա ձայնին և Նրա Հոգու առաջնորդությանը: Մեր հոգին նախատեսված է Աստծո հետ հաղորդակցման համար: Նա խոսում է և՛ մեր ներըմբռնման (ինտուիցիա), և՛ մեր խղճմտանքի միջոցով, որպեսզի հեռու պահի մեզ անախորժություններից և հայտնի ճիշտն ու սխալը: Ապա Իր Հոգու միջոցով օգնում է մեզ անել այն, ինչ ճիշտ է:
Քաջալերում եմ քեզ այսօր թողնել Աստծո հանդեպ համառության ցանկացած դրսևորում և հետևել Նրան փափուկ սրտով, որը ձգտում է լսել և հնազանդվել Նրա ձայնին:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ավելի լավ է՝ հաստատվես՝ ոչ թե քո, այլ Աստծո ճանապարհների մեջ: