
«Ինչպես որ [Իր սիրով] ընտրեց մեզ [ըստ էության, ընտրեց Իր համար՝ որպես Իր սեփականություն] Նրանով աշխարհը ստեղծելուց առաջ… Մեզ նախասահմանեց (ծրագրեց Իր սիրով), որ որդեգրվենք (հայտնվենք) որպես Իր զավակներ Հիսուս Քրիստոսի միջոցով» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 1.4,5, AMP):
Երբ հանդիպեցի իմ ամուսնուն՝ Դեյվին, քսաներեք տարեկան էի և ունեի ինը ամսեկան երեխա՝ առաջին ամուսնությունից: Իմ նախկին ամուսինը դավաճանում էր ինձ, իսկ հետո ընդհանրապես լքեց մեզ, որի պատճառով ես ամուսնալուծվեցի:
Երբ Դեյվը խնդրեց ինձ ամուսնանալ իր հետ, ես պատասխանեցի. «Շա՛տ լավ, դու գիտես, որ ես ունեմ որդի, և եթե դու ընդունում ես ինձ, պիտի ընդունես նաև նրան»:
Դեյվը հրաշալի պատասխան տվեց. «Ես այդքան լավ չեմ ճանաչում քո որդուն, բայց գիտեմ, որ սիրում եմ քեզ և կսիրեմ ցանկացած բան կամ ցանկացած մեկին, որը քո մասնիկն է»:
Մարդիկ ապշում են, երբ իմանում են, որ Դավիթը որդեգրված է: Նրանք շարունակ ասում են ինձ, թե որքան նման է նա հայրիկին, ինչը ֆիզիկապես անհնար է, որովհետև նրա մեջ չկան Դեյվի գեները:
Երբ Աստված որդեգրում է մեզ, Նա ուզում է օգնել, որ մենք ուշագրավ ձևով նմանվենք Իրեն: Մենք բոլորովին նման չենք Իրեն նախքան մեր որդեգրվելը, սակայն ինչպես որդեգրված երեխաներն են յուրացնում որդեգրող ծնողների հատկանիշները, այնպես էլ մենք նմանվում ենք Աստծուն, երբ աճում ենք Նրա հետ մեր փոխհարաբերություններում:
Երբ ես որդեգրվեցի Աստծո ընտանիքի մեջ, իմ վարքագիծը բոլորովին նման չէր իմ Երկնային Հոր վարքագծին, բայց տարիների ընթացքում փոխվեցի և հուսով եմ, որ այսօր մարդիկ կարող են իմ մեջ տեսնել Երկնային Հոր հատկանիշները: Ես աճել եմ գոհության, ուրիշների հանդեպ սիրո, համբերատարության, ողորմածության և շատ այլ բաների մեջ: Աստված ուզում է նույն փոփոխությունները բերել և՛ քո, և՛ նրանց կյանքում, ում սիրում ես:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դու օրեցօր փոխվում ես՝ նմանվելով Աստծո պատկերին: