Աստված օգտագործում է բոլոր տեսակները

Աստված օգտագործում է բոլոր տեսակները

«Նրա պարգևները տարբեր են, և Նա մի քանիսին [նշանակեց] տվեց առաքյալներ լինելու, մի քանիսին՝ մարգարեներ, մի քանիսին՝ ավետարանիչներ, մի քանիսին՝ հովիվներ և վարդապետներ: Նրա մտադրությունն էր սուրբերին լիարժեք զինելը և կատարյալ դարձնելը…» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 4.11,12):

Աստված խոսում է մեզ հետ նաև մարդկանց միջոցով: Երբեմն նրանք մեր ընկերներն են կամ ընտանիքի անդամները, երբեմն էլ՝ հովիվները, ուսուցիչները, ավետարանիչները, առաքյալները և մարգարեները, որոնց Նա դնում է մեր կյանքում: Աստված պարգևում է այս մարդկանց՝ մասնավորապես հավատացյալներին օգնելու և շինություն տալու համար, ինչպես այսօրվա խոսքն է ասում, «սուրբերին լիարժեք զինելու համար»:

Պարգևներից մեկը, որ Աստված տվել է ինձ, Խոսքն ուսուցանելու պարգևն է: Թեև ուսուցանելու պարգևը մեծ օրհնություն է եղել ինձ համար, Աստված, ըստ էության, դրել է այն իմ մեջ՝ ուրիշներին օգուտ տալու համար: Ոմանք, ինչ-ինչ պատճառներով, չեն հավանում ինձ, ոմանց դուր չի գալիս, թե ինչպես եմ սովորեցնում, կամ չեն հավատում, որ Աստված կանչել է ինձ ծառայելու: Այդպես վարվելով՝ նրանք խափանում են այն աշխատանքը, որ Սուրբ Հոգին կարող էր իրականացնել իրենց կյանքում ոչ թե իմ, այլ այն պարգևի միջոցով, որ Նա դրել է իմ մեջ:

Նույնը վերաբերում է մյուս ծառայողներին: Աստված արժեքավոր պարգևներ է դրել նրանց մեջ, և միշտ կլինեն մարդիկ, որոնք իրենց սրտերը կբացեն այդ պարգևների համար, կլինեն նաև այնպիսիք, որոնք հակառակը կանեն: Մենք պետք է սովորենք ընդունել Աստծո Խոսքը տարբեր մարդկանցից: Մենք սխալվում ենք, երբ չափից շատ կենտրոնանում ենք այն անոթի վրա, որին Աստված օգտագործում է, և ոչ թե նրա վրա, ինչ Նա ցանկանում է փոխանցել այդ անոթի միջոցով:

Քաջալերում եմ քեզ թույլ տալ, որ Աստված խոսի քեզ հետ այն մարդու միջոցով, ում կընտրի, և չընդդիմանալ Նրա ուղերձին՝ մերժելով նրան, ում ուղարկում է՝ Իր խոսքը քեզ հասցնելու համար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. սովորի՛ր լսել տարբեր մարդկանց և վայելել այն պարգևները, որ Աստված դրել է նրանց մեջ քո օգտի համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon