
«Որովհետև Դու օրհնում ես արդարին, ո՛վ Տեր, Դու հաճությունով պատում ես նրան՝ ինչպես վահանով»: ՍԱՂՄՈՍ 5.12
Երբ սկսեցի ծառայել, ես վախենում էի: Վախենում էի մերժվելուց: Այն, ինչ անում էի՝ որպես կին, այն օրերին առավել պակաս տարածում ուներ, քան այսօր, երբ կին քարոզիչներն ավելի մեծ ընդունելության են արժանանում: Ուստի՝ ես ջանք չէի խնայում, որպեսզի խոսեի և վարվեի այնպես, ինչպես կարծում էի, որ սպասում են ինձնից:
Խնդիրն այն էր, որ ես փորձում էի բարեհաճություն գտնել մարդկանց մոտ իմ գործերի միջոցով, իսկ դա արդյունք չէր տալիս: Սեփական ուժերով բարեհաճություն գտնելը ոչ միայն ծանր աշխատանք է, այլև՝ հաճախ անիմաստ ջանք: Որքան ջանասիրաբար եք փորձում, այնքան քիչ մարդիկ են ուշադրություն դարձնում ձեզ:
Այն ժամանակ ես ոչինչ չգիտեի գերբնական բարեհաճության մասին: Չգիտեի, որ բարեհաճությունը շնորհքի մի մաս է: Իրականում, անգլերեն Նոր կտակարանում «շնորհք» և «բարեհաճություն» բառերը թարգմանված են հունարեն նույն «charis» բառից: Այնպես որ՝ Աստծո շնորհքը Աստծո բարեհաճությունն է: Իսկ Աստծո շնորհքը ստիպում է, որ մեր կյանքում կատարվեն բաներ, որոնք պետք է կատարվեն: Շնորհքն Աստծո զորությունն է, որը գալիս է մեր հավատքի միջոցով, որպեսզի անենք այն, ինչ չենք կարող անել մեր ուժերով: Բարեհաճությունը ստանում ենք ո՛չ մարդկային ուժով, ո՛չ էլ մարդկային կարողությամբ, այլ՝ Սուրբ Հոգով: Աստծո շնորհքի Հոգով է, որ բարեհաճություն ենք գտնում Աստծո և մարդկանց մոտ:
Ամեն օր բարձրաձայն հռչակեք, որ հավատում եք, որ դուք ունեք բարեհաճություն Աստծո մոտ, և Նա տալիս է ձեզ բարեհաճություն մարդկանց մոտ (տե՛ս Առակ. 3.4):