Գործընկեր ամբողջ կյանքի համար

Գործընկեր ամբողջ կյանքի համար

«Գիտեմ, ո՛վ Տեր, որ մարդունը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդու բանը չէ, որ ուղղի իր գնացքը» (ԵՐԵՄԻԱ 10.23):

Այսօրվա խոսքում Երեմիան ճշմարտություն է խոսում: Իրականում անհնար է, որ մարդ արարածը կարողանա պատշաճ կերպով տնօրինել իր կյանքը: Դու և ես օգնության կարիք ունենք, այն էլ՝ շա՜տ: Դա ընդունելը ոչ թե թուլության, այլ հոգևոր հասունության նշան է: Մենք տկար ենք, մինչև չենք գտնում մեր ուժն Աստծո մեջ, և որքան շուտ բախվենք այդ փաստին, այնքան ավելի լավ կլինի մեզ համար:

Գուցե դու էլ այնպիսին ես, ինչպիսին ես էի մի ժամանակ. ջանք ես թափում, որ ամեն բան ճիշտ ընթանա, և միշտ ձախողվում ես: Քո խնդիրն այն չէ, որ դու ձախողակ ես. քո խնդիրն այն է, որ չես դիմում օգնության ճիշտ աղբյուրին:

Աստված թույլ չի տա, որ առանց Իրեն հասնենք իրական հաջողության: Հիշի՛ր, իրական հաջողությունը նյութական հարստություն կուտակելու կարողությունը չէ. այն՝ կյանքը և Աստծո օրհնությունները վայելելու կարողությունն է: Շատերն ունեն դիրք, ֆինանսներ, իշխանություն, համբավ և այլ բաներ, բայց գուցե չունեն այն, ինչն ամենից կարևոր է՝ լավ փոխհարաբերություններ, ճիշտ դիրք Աստծո մոտ, խաղաղություն, ուրախություն, գոհունակություն, բավարարվածություն, առողջություն և կյանքը վայելելու կարողություն:

Համաձայն Սաղմոս 127.1-ի՝ եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում այն շինողները: Գուցե մենք կարողանում ենք կառուցել, բայց այն, ինչ կառուցում ենք, կանգուն չի մնա, եթե Տերը ներգրավված չլինի: Նա մեր Գործընկերն է ամբողջ կյանքի համար, և, որպես Գործընկեր, ցանկանում է մաս լինել այն ամենի, ինչ անում ենք: Աստված հետաքրքրված է մեր կյանքի բոլոր բնագավառներով, և Նա ցանկանում է խոսել մեզ հետ այն ամենի մասին, ինչ մտահոգում է մեզ: Այս ճշմարտությանը հավատալը՝ Նրա հետ զարմանահրաշ ճանապարհորդության սկիզբն է:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. թո՛ղ Աստված լինի քո Գործընկերը ամբողջ կյանքի համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon