![Դադարի՛ր](https://tv.joycemeyer.org/armenian/wp-content/uploads/sites/14/2021/12/1793.jpg)
«Դադարե՛ք և ճանաչե՛ք, որ Ես եմ Աստվածը…» (ՍԱՂՄՈՍ 46.10):
Ինձ համար խոսելը միշտ հեշտ է եղել, բայց լսել՝ ստիպված եմ եղել սովորել: Մի անգամ զգացի, որ ամուսինս չի ցանկանում՝ ժամանակ տրամադրենք միասին զրուցելուն, այդ պատճառով նրան ասացի, որ մենք պետք է ավելի շատ զրուցենք: Նա պատասխանեց. «Ջո՛յս, մենք չենք զրուցում, դու խոսում ես, իսկ ես՝ լսում»: Նա ճիշտ էր, և ես պետք է փոխվեի, որպեսզի նրա մեջ ցանկություն առաջանար ժամանակ անցկացնել ինձ հետ:
Շուտով բացահայտեցի, որ Աստծո հետ վարվում էի նույն կերպ, ինչպես Դեյվի հետ: Ես անդադար խոսում էի և ակնկալում, որ Նա կլսի: Ես դժգոհում էի, որ երբեք չեմ լսում Աստծուց, բայց ճշմարտությունն այն է, որ երբեք ժամանակ չէի տրամադրում Նրան լսելու: Այսօրվա խոսքը սովորեցնում է դադարել և ճանաչել, որ Աստված Աստված է: Շատերը դժվարանում են դադարել, որովհետև մարմինը սիրում է զբաղված լինել և անընդհատ գործել, սակայն մենք պետք է սովորենք առանձնանալ և հանդարտվել, եթե ուզում ենք լսել Աստծո ձայնը:
Շատերի համար լսելը կարողություն է, որը պետք է զարգացնել և վարժեցնել: Երբեմն պետք է լուռ նստել Աստծո ներկայության մեջ և ոչինչ չասել: Մենք պետք է հմտանանք լսելու մեջ: Իսկ ինչպե՞ս: Օրինակ, կարող ես Աստծուն հարցնել՝ կա՞ որևէ մեկը, ում Նա կցանկանար, որ քաջալերեիր կամ օրհնեիր: Այնուհետև, պետք է հանդարտվես ու լսես: Դու կզարմանաս, թե որքան արագ Նա կարձագանքի քեզ՝ հիշեցնելով ինչ-որ մեկին: Գուցե հստակ ցույց տա, թե ինչ պետք է անես այդ մարդուն քաջալերելու համար: Երբ ականջ ենք դնում Աստծո ցուցումներին, Նա տալիս է մեզ այնպիսի ստեղծագործական գաղափարներ, որոնց մասին երբևէ չենք մտածել: Ժամանա՛կ հատկացրու դադարելու և ուշադիր լսելու Նրան, ապա եղի՛ր հնազանդ և արա՛ այն, ինչ Նա ցույց է տալիս:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. այսօր ժամանա՛կ հատկացրու, դադարի՛ր և լսի՛ր: