
«Ամեն դառնություն և բարկություն (ցասում, մոլեգնում) և սրտմտություն և վրդովմունք (զայրույթ, թշնամություն) և վիճաբանություն (աղմկոտ վեճ, գոռգոռոց, կռիվ) և զրպարտություն (չարախոսություն, հայհոյություն) թող վեր առնվի ձեզնից՝ ամեն չարության (ոխի, չարակամության կամ որևէ տեսակի ստորության) հետ» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 4.31):
Աստծո հանդեպ դառնությունը հստակ խոչընդոտ է Նրա ձայնը լսելու համար: Ամեն անգամ, երբ դառնությունը փորձում է տիրել քեզ, հրաժարվի՛ր: Շատ անգամներ սատանան ստիպում է մտածել, որ մենք միակն ենք, որ դժվարության միջով ենք անցնում: Ես չեմ ուզում անկարեկից երևալ, բայց որքան էլ սոսկալի լինեն մեր խնդիրները, ինչ-որ մեկը միշտ ավելի դժվար խնդիր ունի:
Մեր ծառայության մեջ աշխատում էր մի կին, ում ամուսինը լքել էր նրան երեսունինը տարվա ամուսնությունից հետո: Նա կնոջը մի երկտող էր թողել ու հեռացել: Դա ողբերգություն էր այդ կնոջ համար: Ես այնքա՜ն ողջունեցի այդ կնոջ արած քայլը, երբ մի քանի շաբաթ անց եկավ ու ասաց. «Ջո՛յս, խնդրո՛ւմ եմ, աղոթի՛ր ինձ համար, որ չբարկանամ Աստծո վրա: Սատանան հուժկու կերպով գայթակղում է ինձ՝ ստիպելով, որ բարկությամբ լցվեմ Նրա հանդեպ: Ես չեմ կարող բարկանալ Աստծո վրա: Նա իմ միակ ընկերն է: Ես Նրա կարիքն ունեմ»:
Դառնությունը փորձում էր արմատ գցել իմ ընկերուհու սրտում, որովհետև նրա կյանքն այնպիսի ընթացք չէր ստացել, ինչպես ինքն էր ցանկացել:
Երբ ցավեցնում են մեզ, պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր անձնավորություն ունի ազատ կամք, և մենք չենք կարող վերահսկել այդ կամքը, նույնիսկ աղոթքի միջոցով: Մենք կարող ենք աղոթել, որ Աստված խոսի այն մարդկանց հետ, որոնք մեզ ցավ են պատճառել. մենք կարող ենք խնդրել, որ Նա առաջնորդի նրանց ճիշտ ուղղությամբ, բայց, վերջին հաշվով, թողնում է, որ նրա՛նք կատարեն իրենց ընտրությունը: Եթե որևէ մեկն այնպիսի ընտրություն է կատարում, որ մեզ ցավ է պատճառում, մենք չպետք է մեղադրենք Աստծուն և դառնանանք Նրա հանդեպ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. եթե քեզ ցավեցնեն, երբևէ մի՛ մեղադրիր Աստծուն: Նա լավագույն ընկերն է, որ դու ունես: