
«Իրար խոստովանե՛ք ձեր սխալները (ձեր վրիպումները, ձեր սխալ քայլերը, ձեր հանցանքները, ձեր մեղքերը) և իրար համար աղո՛թք արեք, որ բժշկվեք և վերականգնվեք [հասնելով մտքի և սրտի հոգևոր ներդաշնակության]…» (ՀԱԿՈԲՈՍ 5.16):
Մեղքը բաժանում է մեզ Աստծուց: Այն ստիպում է, որ մեզ հեռու զգանք Աստծուց. այն կարող է դրդել, որ ցանկանանք թաքնվել Նրանից կամ չցանկանանք խոսել Նրա հետ, և այն կարող է ետ պահել մեզ Նրա ձայնը լսելուց: Երբ գիտենք, որ մեղանչել ենք, պետք է խնդրենք Աստծո ներումը, ապա ընդունենք այն, որովհետև Նա խոստանում է ներել մեզ, երբ ապաշխարենք: Այն, ինչ թաքցնում ենք, կարող է իշխանություն ունենալ մեզ վրա, այնպես որ, կան ժամանակներ, երբ շատ օգտակար է ուրիշներին խոստովանել մեր մեղքերը՝ համաձայն այսօրվա խոսքի:
Մեր սխալներն ուրիշներին խոստովանելու և աղոթքի խնդրանքով նրանց դիմելու համար, նախևառաջ, պետք է գտնենք մեկին, ում իսկապես վստահում ենք, ապա՝ պատրաստ լինենք մի կողմ դնել մեր հպարտությունը և խոնարհաբար հայտնել մեր ներսում ընթացող պայքարի մասին: Եթե դա դժվար է քեզ համար, խնդրի՛ր Աստծուց, որ օգնի քեզ աճել խոնարհության մեջ, որովհետև արդյունքներն ապշեցուցիչ կլինեն, երբ գտնես մի ընկերոջ, ում կարող ես վստահել և ասել. «Ես պայքարում եմ այս բնագավառում և ուզում եմ ազատ լինել: Ինձ համար շատ դժվար է, և ես կարիք ունեմ, որ աղոթես ինձ համար»:
Հիշում եմ, մի անգամ ես պայքարում էի նախանձի դեմ, որ զգում էի ընկերոջս հանդեպ: Ես աղոթել էի, բայց նախանձը շարունակում էր տանջել ինձ, ուստի խոստովանեցի դա Դեյվին և խնդրեցի, որ նա աղոթի ինձ համար: Երբ այդ խնդիրը հայտնի դարձրի, նախանձի զորությունը քանդվեց, և ես ազատ արձակվեցի: Առաջին հերթին գնա՛ Աստծո մոտ, բայց եթե ընկերոջ կամ հոգևոր առաջնորդի օգնության կարիք ունես, թույլ մի՛ տուր, որ հպարտությունը կանգնի քո ճանապարհին:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. թույլ մի՛ տուր, որ հպարտությունը խանգարի քեզ ուրիշներին խոստովանելու քո մեղքերը, երբ դրա կարիքը կա: