«…Եթե դուք Իմ խոսքի մեջ մնաք (ամուր կառչեք Իմ ուսմունքներից և ապրեք դրանց համաձայն), ճշմարտապես Իմ աշակերտներն եք։ Եվ Ճշմարտությունը կճանաչեք, և Ճշմարտությունը կազատի ձեզ»: ՀՈՎՀԱՆՆԵՍ 8.31,32, AMP
Ով անցյալի վիրավորանքներից հուզական բժշկության և վերականգնման կարիք ունի, պետք է սովորի դեմառդեմ կանգնել ճշմարտությանը: Մենք չենք կարող ազատ արձակվել, եթե հերքում ենք այն, ինչ իրականում կա: Եթե վիրավորված եք, անկեղծորեն խոսե՛ք Աստծո հետ այդ մասին, որովհետև Նա հոգում է այն ամենի համար, ինչն անհանգստացնում է ձեզ:
Հաճախ մարդիկ, որոնք ենթարկվել են բռնության կամ որևէ ողբերգություն են ունեցել, փորձում են վարվել այնպես, կարծես նման բան տեղի չի ունեցել: Վաղ տրավմատիկ փորձառությունները հետագայում կարող են հուզականորեն վնասել և վերք պատճառել մեզ, որովհետև մեր մասին ձևավորում ենք կարծիքներ և վերաբերմունք՝ հիմնվելով այն ամենի վրա, ինչ կատարվել է մեզ հետ:
Իմ փորձառությունից, ինչպես նաև ուրիշներին ծառայելու փորձից հասկացել եմ, որ մարդ արարածներս զարմանալիորեն հմուտ ենք մութ անկյուններում պարիսպներ կառուցելու և ինչ-որ բաներ թաքցնելու գործում՝ ձևացնելով, թե մեզ հետ ոչինչ չի պատահել: Մենք վարվում ենք այսպես, որովհետև այդպես կարծես ավելի հեշտ է: Բայց խնդիրներից փախչելը կպահի մեզ գերության մեջ, իսկ Աստծո օգնությամբ դրանց առերեսվելը մեզ ազատ կարձակի:
Հրաշալի է փոխհարաբերություն ունենալ Հիսուսի հետ, որովհետև մենք ստիպված չենք թաքցնել որևէ բան Նրանից: Նա արդեն գիտի ամեն բան մեր մասին: Մենք մշտապես կարող ենք գալ Նրա մոտ և գիտենալ, որ սիրված և ընդունված կլինենք՝ անկախ նրանից, թե ինչ չարչարանք ենք կրել կամ ինչպես ենք արձագանքել դրան: