
«Թող մեր կյանքը սիրով արտահայտի ճշմարտությունը [ամեն բանում, ճշմարիտ խոսելով, ճշմարիտ գործելով, ճշմարիտ ապրելով]» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 4.15):
Դու և ես ապրում ենք մի աշխարհում, որը լի է մարդկանցով, որոնք ապրում են շինծու կյանքով, կրում դիմակներ և թաքցնում այն, ինչ չեն ցանկանում, որ ուրիշներն իմանան: Դա սխալ է: Բայց դրա պատճառն այն է, որ մարդկանց չեն սովորեցրել քայլել ճշմարտության մեջ: Հավատացյալների ներսում բնակվում է Սուրբ Հոգին, Ով Ճշմարտության Հոգի է և հայտնում է մեզ ճշմարտությունը:
Երբեմն սատանան խաբում է մեզ, բայց լինում են ժամանակներ, երբ ինքներս ենք մեզ խաբում: Այլ խոսքով՝ մենք հորինում ենք կյանք, որի մեջ հարմար ենք զգում, փոխանակ դեմառդեմ կանգնենք իրական կյանքին և հաղթահարենք խնդիրները Սուրբ Հոգու օգնությամբ:
Սուրբ Հոգին հաճախակի խոսում է ինձ հետ և դեմառդեմ կանգնեցնում իմ կյանքում առկա խնդիրներին: Նա սովորեցրել է ինձ դեմառդեմ կանգնել ճշմարտությանը, այլ ոչ թե վախենալ ճշմարտությունից: Վախկոտները թաքնվում են ճշմարտությունից. նրանք վախենում են դրանից: Դու չպետք է վախենաս ճշմարտությունից: Հիսուսն աշակերտներին ասաց, որ Սուրբ Հոգին կառաջնորդի նրանց ճշմարտության մեջ, բայց նաև ասաց, որ նրանք պատրաստ չեն լսելու որոշ բաներ (տե՛ս Հովհաննես 16.12), ուստի նրանց ամեն բան չհայտնեց: Սուրբ Հոգին մշտապես կհայտնի քեզ ճշմարտությունը, բայց չի ասի որոշ ճշմարտություններ, մինչև չիմանա, որ պատրաստ ես լսելու:
Եթե բավականաչափ խիզախ ես՝ հրավիրելու Սուրբ Հոգուն քո կյանքի յուրաքանչյուր բնագավառ և թույլ տալու, որ Նա խոսի քո կյանքում առկա խնդիրների մասին, ապա պատրաստ ես մեկնելու անմոռանալի ճանապարհորդության՝ դեպի ազատություն և զորություն:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երբեք մի՛ վախեցիր ճշմարտությունից: