Դժգոհելը մեղք է

«Մտե՛ք Նրա դռները գոհությունով, Նրա սրահները փառաբանությունով. գոհացե՛ք Նրանից և օրհնեցե՛ք Նրա անունը»: — Սաղմոս 100.4

Եփեսացիների 4.29-ում Պողոս առաքյալը կարգադրում է մեզ չօգտագործել որևէ գեշ կամ կեղտոտ խոսք: Մի ժամանակ ես չէի գիտակցում, որ դա ներառում էր նաև դժգոհությունը, բայց ես սովորեցի, որ տրտունջը և դժգոհությունը աղտոտում են մեր կյանքը:

Պարզ և հասարակ՝ դժգոհելը մեղք է: Այն մեծաթիվ խնդիրներ է պատճառում մարդկանց և փչացնում նրանց ուրախությունը, ովքեր լսում են այդ դժգոհությունները:

Մենք պետք է ինքներս մեզ հարցնենք, թե որքան արագ ենք անհամբեր դառնում և սկսում դժգոհել, երբ խցանման մեջ ենք հայտնվում կամ հերթ կանգնում մթերային խանութների կամ հանրախանութների դրամարկղերի մոտ: Որքա՞ն արագ ենք մատնացույց անում մեր ընկերների կամ ընտանիքի անդամների բոլոր սխալները: Դժգոհո՞ւմ ենք մեր աշխատանքի համար, երբ պետք էր գոհանալ Աստծուց, որ աշխատանք ունենք:

Դժգոհության լավագույն հակաթույնը գոհությունն է: Իսկապես երախտապարտ մարդիկ չեն դժգոհում: Նրանք չափազանց զբաղված են՝ գոհանալով այն բոլոր լավ բաների համար, որ ունեն, և ժամանակ չունեն նկատելու այն բաները, որոնց համար կարող էին դժգոհել:

Աստվածաշունչն ասում է, որ մտնենք Աստծո սրահները գոհությունով և փառաբանությունով: Ես ու դու պետք է գոհության կյանքը դարձնենք ամենօրյա նպատակ: Եկե՛ք, որքան հնարավոր է, դրական և գոհացող լինենք:

Փորձի՛ր անկողին մտնել՝ խորհելով այն ամենի մասին, ինչի համար պետք է գոհություն հայտնես: Թող դա լինի առաջին բանը, որ առավոտյան անում ես: Գոհացի՛ր Աստծուց «փոքր» կամ սովորական դարձած բաների համար. ազատ կայանատեղի, ժամանակին արթնանալ և չուշանալ աշխատանքից, ընթրիք, քո ընտանիքը…Երբ ձախողվում ես, մի՛ հուսահատվիր, ոչ էլ հանձնվիր ու կանգ առ: Շարունակի՛ր, մինչև ձևավորես նոր սովորություններ և ապրես գոհության վերաբերմունքով:

Առատաձեռն եղի՛ր քո գոհության մեջ: Այն կքաղցրացնի քո փոխհարաբերությունը Տիրոջ հետ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ուզում եմ ապրել երախտագիտության վերաբերմունքով՝ այս պահից սկսած: Ես այնքան շնորհակալ եմ Քեզանից ինձ սիրելու և օրհնելու համար: Օգնի՛ր ինձ տեսնելու կյանքի դրական բաները, որպեսզի կարողանամ գոհանալ դրանց համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon