
«Եվ մենք ճանաչեցինք և հավատացինք այն սերը, որ Աստված ունի մեր հանդեպ. Աստված սեր է, և ով որ մնում է սիրո մեջ, Աստծո մեջ է բնակվում, և Աստված նրանում»: Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 4.16
Մենք ստեղծված ենք Աստծուց սիրո համար: Սիրելը և սիրված լինելը կյանքն արժանի են դարձնում ապրելու: Այն ստանում է նպատակ և նշանակություն: Բայց եթե մենք թույլ ենք տալիս, որ մեղքը, չներումը և անցյալը բաժանեն մեզ Աստծո սիրուց, մենք դառնում ենք դժբախտ և սիրակարոտ:
Շատերը չեն կարողանում պահպանել առողջ, հարատև փոխհարաբերություններ, որովհետև նրանք կա՛մ չգիտեն, թե ինչպես սեր ընդունեն, կա՛մ անհավասարակշիռ պահանջ են դնում ուրիշների վրա, որպեսզի վերջիններս տան իրենց այն, ինչ միայն Աստված կարող է տալ: Սրա հետևանքը հուսախաբությունն է, որը հաճախ կարող է հանգեցնել ամուսնությունների քայքայման և ընկերությունների փլուզման:
Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված սիրում է կատարյալ կամ անվերապահ սիրով: Նրա կատարյալ սերը մեր հանդեպ հիմնված չէ մեր կատարելության վրա: Աստված սիրում է մեզ, որովհետև Նա ցանկանում է: Աստված սեր է (տե՛ս Ա Հովհ. 4.8): Սերը հենց Նա է: Աստված միշտ սիրում է. ձեզ ընդամենը անհրաժեշտ է ընդունել այդ սերը և ամեն օր ապրել վստահությամբ՝ գիտենալով, որ Նրա սերը նպատակ և իմաստ է տալիս մեր կյանքին: