Եղի՛ր Աստծո խոսափողը

«Որովհետև ով որ կամենում է կյանք սիրել և լավ օրեր տեսնել, թող իր լեզուն չարությունից լուռ պահի, և իր շրթունքները՝ որ նենգություն չխոսեն»:  — Ա Պետրոս 3.10

Եթե դու կարողանաս հասկանալ այն խոսքերի զորությունը, որոնք դու խոսում ես, դա կարող է փոխել քո կյանքի ընթացքը: Քո բերանը հզոր գործիք է՝ կա՛մ Աստծո, կա՛մ թշնամու համար: Այլ կերպ ասած՝ դու կարող ես խոսելով կա՛մ կյանքի կոչել դրական, բարձրացնող, քաջալերող բաներ, կա՛մ ի հայտ բերել բացասական, նսեմ և վհատեցնող բաներ:

Ես չեմ հավատում, որ մեզանից որևէ մեկը ցանկանում է լինել խոսափող սատանայի համար: Սակայն փաստն այն է, որ բերանը կարող է օգտագործվել օրհնության կամ կործանման համար ոչ միայն մեր կյանքում, այլև ուրիշների: Ես դա տեսել եմ իմ անձնական կյանքում: Կար ժամանակ, երբ այն ամենը, ինչ ես ասում էի, մեծ մասամբ բացասական էր:

Բայց Սուրբ Հոգին սովորեցրեց ինձ ինչպես օգտագործել Աստծո Խոսքի ստեղծարար զորությունը: Ես սովորեցի իմ կյանքում խոսել սարերին, այլ ոչ թե սարերի մասին: Նկատի ունեմ, որ ես սովորեցի Նրա Խոսքի ճշմարտությունը կիրառել իմ հանգամանքների մեջ և ժամանակի ընթացքում սկսեցի դրական ու երկարատև արդյունքներ տեսնել:

Բերանը նման է գրչի, իսկ սիրտը՝ նոթատետրի: Երբ որևէ բան անընդհատ կրկնում ես, այն մտնում է քո մեջ և դառնում քո էությունը: Դա այլևս այնպիսի բան չէ, որը դու փորձում ես անել, դա այն է, ինչ դու կաս:

Ավելի լավ է՝ ես լինեմ խոսափող Աստծո, այլ ոչ թե թշնամու համար: Ես ուզում եմ խոսել Նրա ճշմարտությունը և վայելել իմ կյանքը:

Ա Պետրոսի 3.10-ն ասում է. «Ով որ կամենում է կյանք սիրել և լավ օրեր տեսնել, թող իր լեզուն չարությունից լուռ պահի, և իր շրթունքները՝ որ նենգություն չխոսեն»: Դու ցանկանո՞ւմ ես վայելել կյանքը: Այդ դեպքում օգտագործի՛ր քո բերանը Աստծո խոսքերը խոսելու համար:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես գիտեմ, որ իմ բերանը հզոր գործիք է, որը կարող է օգտագործվել Քո կամ թշնամու համար: Ես իմ բերանը հանձնում եմ Քեզ: Ցո՛ւյց տուր՝ ինչպես օգտագործեմ Քո ճշմարտությունը իմ և ուրիշների կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon